Բավ է պառակտվել
17-01-2015 19:23

Ստորագրահավաք է սկսվել. Պահանջում են Արա Աբրահամյանի հրաժարականը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ու նրա տեղակալ Լեւոն Մուկանյանի դեմ ստորագրահավաքի է իրականացվում։

Հանձնագրի տեքստում ասվում է.

«Մենք՝ ռուսաստանաբնակ եւ ազգի ու պետության համար մտահոգ բոլոր այլ հայերս, պահանջում ենք Ռուսաստանի հայերի միության ղեկավարներից՝ հանձինս միության նախագահ Արա Աբրահամյանի եւ նրա կամակատար փոխնախագահ Լեւոն Մուկանյանից, կամավոր հրաժարվել իրենց պաշտոններից: Այս տարիների ընթացքում՝ այն օրվանից, երբ այդ մարդիկ ստանձնեցին Ռուսաստանի հայ համայնքի գլխավոր միության դերը, այդ համայնքը գրեթե չի զարգանում: Ռուսաստանի սփյուռքի բոլոր ձեռքբերումներն ու նվաճումները եղել են շնորհիվ տարբեր կազմակերպությունների, որոնք չեն ֆինանսավորվում ՌՀՄ-ի կողմից: ՌՀՄ-ի գլխավոր նպատակը Ռուսաստանի իշխանությունների շահերին, այլ ոչ թե Հայաստանին եւ Ռուսաստանի սփյուռքին ծառայելն է: Ստրկամիտ կազմակերպությունը չի ծավալում որեւէ կազմակերպչական գործունեություն Ռուսաստանի հայերի, նրանց ազգային դաստիարակության համար: Ռուսաստանի սփյուռքը ձուլվում է սարսափելի արագությամբ, երիտասարդության մի մասը չի խոսում իր մայրենի հայերեն լեզվով, հեռանում է հայկական մշակութից եւ ավանդույթներից, եւ այդ երեվույթների դեմն առնելու համար ՌՀՄ-ն ոչինչ չի ձեռնարկում, վարելով ապազգային քաղաքականություն: ՌՀՄ-ն որեւէ քննադատական հայտարարություն չարեց՝ երբ Ռուսաստանը հրաժարվեց Հայաստանին հանձնել Գյումրիում 6 մարդու սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: Նա ընդհանրապես անտեսեց այդ ոճրագործությունը եւ չցանկացավ ընդհատել իր գիշերային ակումբների զվարճանքներն ու համերգները: Միակ արձագանքողը եղավ Լեւոն Մուկանյանը, ով սոցցանցերում կոչ էր անում հեռու մնալ հակառուսական քաղաքականությունից, իսկ արդարություն պահանջող ցուցարարներին էլ մեղադրեց խամաճիկային պահվածքի մեջ: Այս ամենը հայերի համբերության վերջին կաթիլն էր: Մենք կոչ ենք անում ժողովրդի ապագայի մասին սրտացավ բոլոր հայերին եւ հայկական կազմակերպություններին իրենց հասանելի բոլոր միջոցներով նպաստել Արա Աբրահամյանի եւ Լեւոն Մուկանյանի հրաժարականներին: Դրանից հետո մենք պետք է ընտրենք այն մարդկանց, որոնք ի վիճակի կլինեն իրենց վրա վերցնել Ռուսաստանի հայ համայնքի կազմակերպման եւ ազգային գաղափարների տարածման պարտականությունը եւ ստանձնել Հայաստանի Հանրապետության ու հայ ազգի իրավունքների պաշտպանի դերը»: Նշենք, որ այս պահին ստորագրահավաքին միացել է 100-ից ավելի մարդ: