15-04-2016 14:21

Ադրբեջանին զենք վաճառելը ՀԱՊԿ–ին ուղղված սպառնալիք է. Նահապետյան

Ադրբեջանին հարձակվողական սպառազինության վաճառքը սպառնում է Հայաստանին, իսկ դա նշանակում է` նաև ՀԱՊԿ-ին, ասաց Հայաստանի ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ռուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ։
Հայաստանի ԱԺ և ՌԴ Դաշնային խորհրդի ազգային անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովների նիստը Երևանում անցկացվում է ապրիլի 15-ին։
Նիստի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղարաբաղում զոհված հայերի հիշատակը։
Նահապետյանի խոսքով` տարածաշրջանում խաղաղության և կայունության համար կարևոր դեր է խաղում ռազմական հավասարակշռության պահպանումը։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հավասարակշռության աննշան խախտումը կարող է ծանր հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար։
«Ադրբեջանին վաճառված հարձակողական սպառազինությունը լուրջ սպառնալիք է ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգության համար, իսկ այդպիսով` նաև ամբողջ կազմակերպության համար», — ասաց Նահապետյանը։
Նրա խոսքով` անկախ զինադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց Ադրբեջանը շարունակում է ռմբակոծել Ղարաբաղը նռնականետներից, ականանետներից և կիրառել հրազեն։
Նա առաջարկեց միասին այցելել Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, որպեսզի ռուսական խորհրդարանականներն անձամբ տեսնեն պատերազմի հետքերը և լսեն շարունակվող կրակահերթերի ձայնը։
Պատգամավորը կարծում է, որ եթե այսօր ճիշտ չգնահատվի իրավիճակը, այն կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ` հաշվի առնելով Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավվածությունը Հարավային Կովկասի անկայունության հարցում։
Նահապետյանը ցավով նշեց, որ միջազգային հանրությունն այս իրավիճակում հասցեագրված հայտարարություններով հանդես չեկավ։
«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը` որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Զգալի են նաև միջնորդական ջանքերը հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում։ Միևնույն ժամանակ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն արդարացիորեն բացասական արձագանքի արժանացան հայկական հասարակության մեջ», — ասաց Նահապետյանը։ Ստեղծված իրավիճակում պատգամավորն ընդգծեց ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական համագործակցության ամրապնդման կարևորությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Մասնավորապես խոսքը սպառազինության և ռազմատեխնիկայի մատակարարման մասին է, ինչպես նաև ռազմական նշանակության ապրանքների արտադրման մասին։

Նա կոչ արեց թույլ չտալ այնպիսի գործողություններ, որոնք կարող են վնասել երկկողմ հարաբերություններին։
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Չեկալինն իր հերթին բարձր գնահատեց երկկողմ հարաբերությունների զարգացումը համալիր, այդ թվում` ԵՏՄ շրջանակում։
Չեկալինն ուշադրություն դարձրեց Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությանը ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ոլորտներում։ Նա հիշեցրեց բարձրաստիճան պաշտոնյաների պարբերական հանդիպումների մասին` նշելով, որ ամսվա վերջին Հայաստան կժամանի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես առանցքային գործընկեր ԱՊՀ տարածքում։ Հույս ունենք ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ակտիվ աշխատանքային հարաբերություններ հաստատել», — ասաց Չեկալինը։
Նա նաև դրական գնահատեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը։
ՀԱՊԿ-ն ստեղծվել է 2002թ.-ին, և այժմ կազմակերպության կազմում վեց պետություն է ընդգրկված`Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի պայմանագիրը ստորագրել է 1992 թվականի մայիսի 15-ին։ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահում է 2015 թվականի սեպտեմբերից։