04-11-2016 17:29

ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետն այցելել են ապագա Բարեկամության կամրջի ելակետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ու Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նոյեմբերի 4-ին այցելել են սահմանամերձ Դեբեդ գետի վրա ապագա Բարեկամության կամրջի կառուցման վայր:

Շինարարական պայմանագրերը ծրագրում են կնքել 2017-ի առաջին եռամսյակում, իսկ պատրաստի կամուրջը կհանձնեն 2018-ի ամռանը կամ աշնանը։

Իր ելույթում ՀՀ տրանսպորտի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է Վրաստանի ու Իրանի հետ Հայաստանի տրանսպորտային կապերի զարգացման կարեւորությունը։ Նոր կամուրջը կփոխարինի հին, դեռ 1960-ականներին կառուցված կամուրջը ու կկարողանա ընդունել ներկա բեռնափոխադրման հոսքը, նաեւ տարանցիկ բեռներ գրավել։ Նախագծի ֆինանսավորման աղբյուրները ՀՀ Կառավարության վերցրած վարկն է, նաեւ Վրաստանի ու Հայաստանի կառավարությունների համաֆինանսավորումը։

Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն հայտնել է, որ հանրապետությունը պատրաստ է արդիականացնել իր ճանապարհային ցանցը, որպեսզի լայն ու հարմարավետ տրանսպորտային միջանցք տրամադրի թե արեւմուտքից արեւելք, թե հյուսիսից հարավ։

Նախարարն ու փոխնախարարը նշել են նաեւ նոր նախագծի խորհրդանշական նշանակությունը որպես երկու հարեւան երկրների ու ժողովուրդների վաղեմի բարեկամության խորհրդանիշ։

Կամրջի շինարարության մասին համաձայնագիրը, որը ստորագրել են Հայաստանի ու Վրաստանի կառավարությունները, ուժի մեջ է մտել 2015-ի հունիսին։

Կամուրջը կառուցվելու է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի 10․3 մլն եվրոյի չափով վարկով։

Կապալառուի ու տեխնիկական հսկիչի ընտրության տենդերները արդեն հայտարարված են ու անցկացվում են Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների ուժերով՝ ՎԶԵԲ աջակցությամբ։