Բավ է պառակտվել
04-04-2016 14:08

Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին անմիջապես դադարեցնել կրակը. Լավրով

Ռուսաստանը չի մեղադրում արտաքին ուժերին, այդ թվում՝ Անկարային, Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: 
Մոսկվան հուսով է, որ խաղաղության կոչերը լսելի են եղել Երևանում և Բաքվում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Լավրովը հայտարարել է, որ ինքը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կապվել են Երևանում և Բաքվում իրենց գործընկերների հետ, մտահոգություն են հայտնել իրավիճակի առնչությամբ, կրակի դադարեցման կոչ են հղել։ 
«Մեր դիրքորոշումը ներկայացրել է նախագահը, ԱԳՆ-ն, պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ես կապվել ենք մեր գործընկերների հետ: Մենք մտահոգություն ենք հայտնել, հաստատել ենք նախագահի ուղերձը՝ հրադադարի ռեժիմի խախտումը հնարավորինս արագ դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ։ Հուսով եմ, որ այդ կոչերը լսելի են եղել»,- ասել է նա։ 
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: 
«Կողմերը հայտարարել են, որ անհրաժեշտ հրահանգները տրվել են, ճիշտ է՝ մենք այսօր շարունակում ենք լսել հաղորդագրություններ, որ էքսցեսներն ամբողջությամբ չեն հարթվել։ Մենք շարունակում ենք Բաքվի և Երևանի հետ կապի միջոցով հասնել նրան, որ Մոսկվայից, Վաշինգտոնից և Փարիզից ազդանշաններն այնուամենայնիվ լսելի դառնան»,- ասել է նա։