01-12-2016 08:57

Մոսկվան Թրամփի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորում է ակնկալում. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան գործնական քայլեր է ակնկալում Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ արտաքին քաղաքականության գծով ձևավորվող թիմից:

Լավրովն ընդգծել է, որ գործնական քայլերը պետք է նպաստեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորմանը:

Այս մասին ասել է ռուս դիվանագետը՝ հավելելով, որ Մոսկվան հույս ունի, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը չի կրկնի իր նախորդների՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները միտումնավոր կործանող սխալները:

Միևնույն ժամանակ, ՌԴ արտգործնախարարը խոստովանել է, որ Վաշինգտոնի հետ համագործակցությունը վերականգնելն այդքան էլ հեշտ գործ չէ:

Աղբյուրը հավելում է, որ ավելի վաղ Լավրովը հանդես էր եկել հայտարարությամբ, համաձայն որի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի միջև կա քաղաքական փոխըմբռնում:

Հիշեցնենք, որ Թրամփի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: