Բավ է պառակտվել
05-04-2016 20:02

Մոսկվան կարող է դիմել ռազմական միջամտության, եթե վտանգված լինեն ՀՀ սահմանները

«Աշխարհաքաղաքական գործընթացների արդի փուլի տրամաբանությունն է այնպիսին, որ առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում պաշտոնական Բաքուն պետք է վերջնականապես կողմնորոշվի, թե արդյոք նա կդառնա Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը և թույլ կտա Կրեմլին վերականգնել իր երբեմնի ռազմական լիարժեք ներկայությունն Ադրբեջանի տարածքում, թե կշարունակի սերտացնել իր համագործակցությունն Անկարայի հետ»,-gisher.news-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ քաղաքական գործչի՝ Արցախի դեմ լայնածավալ ռազմական արկածախնդրության դիմելով Ալիևը, հավանաբար, առնվազն փորձում էր ժամանակ շահել, իսկ լուրջ հաջողության հասնելու դեպքում, կարող էր նաև նշված հարցի պատասխանը տալ Կրեմլի համար, մեղմ ասած, խիստ տհաճ ձևակերպմամբ: «Ալիևը նախընտրեց ռազմական գործողություններ ծավալել հատկապես Արցախի ՊԲ-ի դեմ, քանի որ Հայաստանի նկատմամբ նման ագրեսիա ծավալելու դեպքում կարող էր հիմքեր ստեղծել նաև իր դեմ անմիջականորեն Ռուսաստանի կողմից ռազմական հարվածներ նախաձեռնելու համար»,-հավելեց Արման մելիքյանն ու ավելեցրեց, նշելով թե հավանաբար, ամեն դեպքում,  լարվածությունը ճակատային գծում կսկսի նվազել այս շաբաթվա ընթացքում: Այդուհանդերձ, ըստ ԼՂՀ նախկին արտգործնածարարի, մենք պետք է հասկանանք, որ առաջիկայում ստիպված ենք լինելու գործել միանգամայն նոր ռազմաքաղաքական իրավիճակում և պետք է լրջագույն վերանայումները կատարենք հատկապես հակամարտության խաղաղ կարգավորման ՀՀ պաշտոնական տեսլականի հիմքում դրված դրույթների և մոտեցումների մասով: «ՌԴ կփորձի միջամտել քաղաքական ու դիվանագիտական մակարդակներում: Մոսկվան կարող է դիմել ռազմական միջամտության այն դեպքում, եթե որևէ կողմից վտանգված լինեն ՀՀ ներկայիս սահմանները»,-ընդգծեց զրուցակիցս ու շարունակեց.  «Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ պատասխան կտա Ալիևը Կրեմլին հուզող հիմնական հարցին: Այդ պատասխանի  բովանդակությունն անուղղակիորեն պարզ կդառնա, կախված այն բանից, թե ինչ արդյունքներ կգրանցվեն Բաքվում կայանալիք Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախապես ծրագրված հանդիպման ժամանակ»: 

Տաթև Առաքելյան