26-09-2015 10:09

Ցանկացած հետևանքի պատասխանատվություն կրելու է Ադրբեջանը.ԼՂՀ ՊԲ

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ Ադրբեջանի կողմից խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտման վերաբերյալ: Հաղորդագրությունում նշված է. «Դատելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկվող ականանետային եւ հրթիռահրետանային հարվածների ու խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից իրականացվող գնդակոծումների անհամեմատ ինտենսիվ ընթացքից` կարելի է փաստել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որդեգրել է հակամարտության լուծումը խաղաղ բանակցությունների սեղանից ուժային դաշտ տեղափոխելու հանցավոր մարտավարություն»,-ասվում է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ: «Խաղաղ բնակավայրերի վրա իրականացվող արկակոծումներն ու հայկական դիրքապահների ուղղությամբ կատարվող նախահարձակ գործողությունները, որոնք գնալով կրում են առավել ցինիկ ու նպատակաուղղված բնույթ, ցույց են տալիս, որ հակառակորդը հակված է միտումնավոր ու սադրիչ քայլերով իրավիճակին հաղորդել անկանխատեսելի հետեւանքներով հղի զարգացումներ: Ելնելով ստեղծված դրությունից` ԼՂՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ եւս համաշխարհային հանրության ու հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում պաշտոնական Բաքվի կողմից որդեգրած եւ շարունակ կյանքի կոչվող ապակառուցողական ու սադրիչ քաղաքականության վրա եւ տեղեկացնում, որ ստեղծված իրավիճակից բխող ցանկացած հետեւանքի պատասխանատվություն կրելու է ոչ այլ ոք, քան ադրբեջանական կողմը»,- նշված է ՊԲ հայտարարության մեջ։