27-04-2016 12:20

Ադրբեջանական կողմը քաղաքացիներին դարձնում է վահան. ԼՂՀ ՊՆ

Թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում եւ, արդյունքում նույն այդ քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան, ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սեւ գործը: Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ ՊՆ-ն:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ս.թ. ապրիլի 5-ին հակամարտ կողմերի միջեւ ձեռքբերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որդեգրած մարտավարությունն ակնհայտ կերպով ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն մի կողմից իր սադրիչ գործողություններով իրավիճակը տանում է դեպի կանխամտածված սրացման, իսկ մյուս կողմից շտապում առաջնային գծում տեղի ունեցող զարգացումները ներկայացնել որպես հայկական կողմի նախահարձակ գործողությունների հետեւանք: Հատկանշական է, որ հակառակորդն իր այս գործելաոճը կյանքի կոչելու համար դիմում է սեփական զինանոցում եղած ամենաստոր ու հրեշավոր միջոցների կիրառմանը: Ասվածի անհերքելի ապացույցներից է առաջնային գծին մերձակա բնակավայրերում ադրբեջանական հրետանու եւ զրահատանկային ուժերի համար կրակային հենակետերի ծավալման փաստը, որտեղից հակառակորդը, հիմնականում գիշերային ժամերին, հրետակոծության եւ արկակոծության է ենթարկում հայկական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը: Թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում եւ, արդյունքում նույն այդ քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան, ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սեւ գործը: Ելնելով ստեղծված իրավիճակից` ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հակառակորդ կողմին խորհուրդ է տալիս հարգել իրենց իսկ խնդրանքով կրակի դադարեցման վերաբերյալ կողմերի միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունը ու նաեւ զգուշացնում` խաղաղ բնակավայրերը չվերածել կրակային հենակետերի` դրանք դարձնելով խոցման թիրախ: Հակառակ դեպքում հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: