01-03-2015 15:24

Ազատության հրապարակում մեկնարկել է ՀԱԿ-ի հրավիրած Մարտի 1-ի հանրահավաքը

Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին նվիրված ավանդական հանրահավաքը: Հանրահավաքի մեկնարկին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ հանրահավաքը համատեղ հրավիրել են ՀԱԿ-ը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, եւ այն նվիրված է Մարտի 1-ի զոհերի հիշատակին ու շարժման անելիքներին:Հարթակում է ՀԱԿ ղեկավարությունը՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Հանրահավաքը վարում է ՀԱԿ փոխնախագահ, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։ Հանրահավաքին կհաջորդի նաեւ ավանդական երթը:

Նշենք, որ այսօրվա հանրահավաքը առաջին զանգվածային միջոցառումն է խորհրդարանական եռյակի պառակտումից հետո։

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել: