14-03-2014 12:39

Միթե՞ ՀՀ իշխանությունները չեն ուզում փրկել երկիրը

 

Իշխանությունները լավ են հասկանում, որ խորհրդարանական չորս ուժերի համագործակցության արդյունքում հնարավոր է ՝իշխանափոխություն լինի, այսպես է կարծում ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա ԱԺ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում ուշադրությունը սեւեռված է խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի համագործակցության վրա, եւ թեպետ իշխանությունները լոյալ են արձագանքում այդ համագործակցությանը, այնուամենայնիվ ջանում են խանգարել գործընթացին:
Ռուբեն Հակոբյանը կոչ է անում իշխանություններին միանալ իրենց. ՛՛Եթե իշխանությունը քաղաքական կամք ունի, կարող է միանալ մեզ, դառնալ հինգերորդ քաղաքական ուժը եւ փրկել երկիրը: Այնուամենայնիվ, իշխանությունը փորձում է խանգարել չորս ուժերի համագործակցությանը՛՛:

Հակոբյանը նաեւ նշել է, որ «Ժառանգությունը» երկրում ամբողջական համակարգային փոփոխության կողմնակից է. «Մենք՝ քաղաքական չորս ուժերս, ցանկանում ենք փոխզիջման ճանապարհով միասնական օրակարգ ձեւավորել եւ երկիրը դուրս բերել ճգնաժամից: Ոչ մի քաղաքական ուժ միայնակ չի կարող երկրում իրավիճակը փոխել՛՛,-հավելեց Ռուբեն Հակոբյանը:
Իսկ թե ինչպես կձեւավորվի նոր կառավարություն՝ ՀՀԿ-ական մեծամասնության առկայության պարագայում, Հակոբյանը նշել է, որ խորհրդարանում հանրապետական մեծամասնության առկայությունը չպետք է խորհրդարանի պատերից դուրս արտացոլվի, եւ կառավարություն ձեւավորելիս պետք է դա նկատի ունենալ: