Բավ է պառակտվել
13-03-2015 11:06

Բելառուսը պատրաստ է ընդունել Ղարաբաղի հարցով բանակցությունները. ԱԳՆ

Բելառուսական կողմը պատրաստ է իր տարածքում ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները։ Այս մասին այսօր  հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ։ «Ես ցանկանում եմ հաստատել, որ Բելառուսը պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ համապատասխան որոշումներով նախատեսված ժամկետներում։ Եթե անհրաժեշտ է, մենք կարող ենք ապահովել սպառիչ խաղաղ համաձայնագրի մշակման շուրջ բանակցային գործընթացի եզրափակիչ փուլի անցկացման վայրը»,- հայտարարել է Մակեյը ։ Բացի այդ, նա նշել է, որ ուրախ է ընդունել ՄԽ համանախագահներին եւ ղարաբաղյան հակամարտության գործով ԵԱՀԿ գործող նախագահին։ Նախարարը նրանց այցը Մինսկ պատմական է համարել։ «Բելառուսը վճռականորեն պաշտպանում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը, գոյություն ունեցող եւ սառեցված հակամարտությունների, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումներ գտնելու փորձերը։ Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այնպես, ինչպես արել ենք Ուկրաինայի ճգնաժամի դեպքում»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ բելառուսական կողմը կիսում է ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների շուրջ ՄԽ տեսլականը։ Բելառուսական կողմը լիովին համաձայն է, որ այս փուլում առաջնային խնդիրը շփման գծում լարվածության թուլացումն է։ Բացի այդ, Բելառուսը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ շփման հաճախակիացումը։ Բելառուսական կողմը սերտ հարաբերություններ ունի երկու կողմերի հետ էլ եւ նախագահների մակարդակով, հանդիպումներ է ունենում այդ երկրների ղեկավարների հետ, ինչը իր հերթին օգտակար է խաղաղ գործընթացում առաջընթաց գրանցելու գործում։ Վլադիմիր Մակեյի հետ հանդիպմանը ներկա են եղել ԵՀԱԿ ՄԽ համանախագահներ Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպով (Ռուսաստան) եւ Ջեյմս Ուորլիք (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։