07-04-2016 11:55

Այլևս համալրված են բոլոր ստորաբաժանումները. Սեյրան Օհանյան

Այս օրերին բազմաթիվ ջոկատներ, օգտագործելով իրենց ունեցած փորձը, մեկնեցին եւ համալրեցին Պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա իր խոսքում, նաև ասել է.

«Կարծում եմ, որ այսօրվա Հայկական բանակի հրամանատարների եւ զինվորների պատրաստությունը շաղախվեց մեր ազատամարտի վետերանների, երկրապահների, կամավորականների փորձառության հետ, եւ դա էլ հիմք հանդիսացավ այն հաջողության, որը մենք ունեցանք Արցախյան ամբողջ ճակատում:

Ես իմ երախտիքի խոսքերն եմ ուզում հղել մեր բոլոր մարտական ընկերներին, բոլոր կամավորականներին: Այդ խոսքերը ոչ միայն ես եմ հղում, այլեւ կարծում եմ, որ ամբողջ ժողովրդի խոսքերն են, մեր ղեկավարության, եւ հատկապես` բանակի ողջ անձնակազմի խոսքերն են:

Վտանգի պահին մենք միշտ միասնական ենք եղել: Եվ այս փորձությունն այդպես էլ մենք մեր վրա վերցրեցինք: Եվ կարծում եմ, որ այս փորձությունը մեզ միշտ սպասում է: Սա ուզում եմ ասել այն կամավորականների համար, ովքեր որ եկան, հերթագրվեցին, արտահայտեցին իրենց պատրաստակամությունը, բայց քանի որ Պաշտպանության բանակի հրամանատարությունը դիմել է ինձ, եւ իր երախտիքի խոսքերի հետ միասին ասել, որ այլեւս համալրված են բոլոր ստորաբաժանումները, մնացածը թող իրենց պատրաստակամության արտահայտության հետ միասին զբաղվեն պատրաստությամբ եւ անհրաժեշտության դեպքում կմեկնեն Արցախ:

Այդ խոսքերն ուզում եմ փոխանցել իմ բոլոր մարտական ընկերներին, եւ ասել, որ երբեւիցէ թող չհուսահատվեք, չընկճվեք:Մեզ անպայման անհրաժեշտ են համարձակ մարտական ընկերներ: Այդ համարձակությունը, զգոնությունը թող միշտ ձեզ հետ լինի, եւ լինելով այստեղ` Հայաստանում, միշտ պատրաստ եղեք, որովհետեւ մեր պայքարը մշտական է, անհրաժեշտության դեպքում մենք ձեզ կտեղեկացնենք, եւ դուք անպայման կմեկնեք մեր Արցախի հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար:

Մենք, իհարկե, այս օրերին, հաջողությունների հետ մեկտեղ, շատ-շատ զինծառայողների, ազատամարտիկների հարազատների հետ նաեւ ցավ ենք ապրել, ցավ, որովհետեւ նրանք իրենց կյանքը տվել են մեր Հայրենիքի սուրբ հատվածի` Արցախի պաշտպանության համար: Բայց այսօրվա մեր ունեցած հաջողությունները, հաղթանակները մեզ անպայման ստիպում են, որ ցավը շաղախվի նրանց կատարած հերոսությունների սխրանքի հետ, եւ կարծրանա որպես պատասխանատվություն` հետագա մեր գործողությունների համար:

Եվս մեկ անգամ իմ շնորհակալական խոսքը ձեզ բոլորիդ, եղեք համբերատար, եւ անպայման հաղթանակները կլինեն մեր հետ: