Բավ է պառակտվել
26-10-2015 13:23

ՄԻԵԴ-ի վճռում կիրառվել է «ցեղասպանությունից տուժածներ» ձևակերպումը

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը տարաբնույթ եզրակացությունների առիթ դարձավ: Չնայած այն բանի, որ Հայաստանի դատախազության հայտարարությունում ասվում է, որ Հայաստանը հաղթող է դուրս եկել այս գործից, այնուամենայնիվ, հասարակական մի լայն շրջանակ հակառակ կարծիքն ունի:
Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն այսօր խոսելով այս դատավարության և ՄԻԵԴ-ի կայացրած վճռի մասին, նշեց, որ ՀՀ-ն այս գործին ներգրավված էր որպես երրորդ կողմ և ՀՀ-ի առջև Եվրոպական դատարանի կողմից դրված էր կոնկրետ խնդիր. «ՀՀ-ն հիմնավորել էր այն հարցերի շրջանակը, որոնց պատրաստվում էր անդրադառնալ: Այդ հիմնավորումների շնորհիվ Եվրոպական դատարանը բավարարեց ՀՀ-ի՝ որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքը»:
Ա. Թաթոյանը հիշեցրեց, որ Հայաստանը ներգրավվել էր սույն դատական գործում, քանի որ 2013թ ստորին պալատի վճռում առկա էին ձևակերպումներ, որոնք ընդունելի չէին մեզ համար, քանի որ դրանք ուղիղ ձևակերպումներով կասկածի տակ էին առնում Հայոց ցեղասպանության հետ կապված պատմական հետազոտությունները և այլն.
«Ստորին պալատը չարդարացված համեմատություններ անելով Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև, մասնավորապես ՝դատական, իրավական, քաղաքական ճանաչման սկզբունքների միջև, բացասական հետևությունների էր հանգել:
Հայաստանի, որպես երրորդ կողմի պահանջները բավարարվեցին, որովհետև, Մեծ պալատի վճռում արդեն կային ձևակերպումներ, որոնք մեզ համար ընդունելի էին
Եվրոպական դատարանը հստակ նշում է, որ իրավասու չէ, և չի՛ էլ միջամտելու այն հարցի քննարկմանը, թե ինչ է իրենից ներկայացնում ցեղասպանությունը միջազգային իրավունքի տեսանկյունից: Եվ իրավասու չէ այս խնդրի վերաբերյալ իրավական հայտարարություններ անել: Սա կարևոր է, որովհետև ստորին պալատի վճռում այս հարցը չափազանց թույլ էր արտահայտված»:
Նախարարի տեղակալը նաև նշեց, որ.« Նորություն էր նաև այն ձևակերպումը, որ հայերը ունեն իրենց և իրենց նախնիների նկատմամբ հարգանքի իրավունք: Ցեղասպանությունից տուժածների (նույնիսկ այդ ձևակերպումը կա), զոհերի, նրանց ընտանիքների, նախնիների նկատմամբ հարգանքի իրավունք և որ այդ ամենը ենթակա է պաշտպանության՝ Կոնվենցիայով, և մասնավորապես 8-րդ հոդվածով: Սա նորույթ է և կարևոր նշանակություն ունի»,- ասաց բանախոսը:

Մարինե Բարսեղյան