Բավ է պառակտվել
13-05-2016 16:43

ԱԳՆ. Սարգսյան – Ալիև հանդիպման նպատակը զինադադարի ամրապնդումն է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ուրբաթ հանդիպեց Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանն անդրադարձ արվեց ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացը վերականգնելուն ուղղված քայլերին։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծեցին, որ եռանախագահ երկրների կողմից առաջարկվող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպման գլխավոր նպատակն է 1994թ. համաձայնագրով հաստատված զինադադարի ամրապնդումը, բանակցությունների վերսկսման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծման համար վստահության ամրապնդման միջոցների ներդրումը։

Նախարար Նալբանդյանը և պետքարտուղար Դեզիրը քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, ինչպես նաև՝ ՀՀ և ԵՄ միջև նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ ընթացող բանակցային գործընթացը:
Նախարար Նալբանդյանը կարևորեց առկա ձեռքբերումների հիման վրա մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերում Հայաստանի մասնակցությունը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: