Բավ է պառակտվել
20-05-2016 11:48

ՌԴ-ն պարզաբանել է ՀՀ-ի և Ադրբեջանի հետ հարաբերությունների տարբերության նյուանսները

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները դաշնակցային են, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունների դաշնակիցների հարաբերություններ չեն, մենք դրանք բնութագրում ենք որպես ռազմավարական գործընկերություն։ Այս մասին Մոսկվայում հայ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին։ «Երկու բառն էլ լրիվ հասկանալի են։ Գործընկերություն նշանակում է, որ մենք համագործակցում ենք, ռազմավարական նշանակում է, որ համագործակցությունը երկարաժամկետ բնույթ է կրում։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների հիմքում ընկած օբյեկտիվ գործոններն հասկանալի են՝ աշխարհագրական մոտ դիրք, տնտեսական կապեր, Ռուսաստանում առկա մեծ ադրբեջանական սփյուռք. մենք դա կոչում ենք ռազմավարական գործընկերություն։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանի դաշնակիցը չէ, Հայաստանի հետ մենք ռազմա-քաղաքական միություն ունենք, փոխօգնության մասին մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ ռազմական»,- նշել է Պավլովսկին։  Դիվանագետի խոսքով՝ հենց դրանում է տարբերությունը, եւ խոսել այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները դիտարկվում են նույն մակարդակի վրա, այնքան էլ ճիշտ չէ։ «Իհարկե, քչերն են խորանում նման դետալների մեջ, որոնք շատ կարեւոր են»,- ասել է Պավլովսկին Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այն հայտարարության ենթատեքստում, թե Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, որը միանշանական չէր ընկալվել հայ հանրության շրջանում։