Բավ է պառակտվել
14-05-2016 09:28

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել եռակի իմաստ չփնտրել Ադրբեջանին զենք վաճառելու մեջ

Իմ կարծիքով Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է: Պաշտոնական ներկայացուցիչները, որոնք զբաղվում են ռազմատեխնիկական համագործակցության հարցերով, տվել են հստակ ու միանգամայն սպառիչ ձեւակերպումներ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու կամ այդ մատակարարումները շարունակելու մասին հարցին:

«Այս հարցում պետք չէ նրբերանգներ որսալ ու փորձել բառերում երկակի կամ եռակի իմաստ գտնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է հստակ միջազգային- իրավական ու երկկողմանի հիմքերի վրա: Մեր ՌՏՀ –ն զարգանում է բաց, մենք խոսում ենք այդ համագործակցության դրդապատճառների ու հեռանկարների մասին: Կրկնում եմ, մենք հոյակապ հասկանում ենք իրավիճակի բարդությունը ու թե որ մեթոդները կարող են իրոք, այլ ոչ թե խոսքով հանդարտացնել իրավիճակը: Մենք հստակ ասել ենք, որ այդ մեթոդներից է նախեւառաջ քաղաքական դիվնագիտական կարգավորումը, առկա խնդիրները միջնորդների աջակցությամբ լրջորեն լուծելու ու դեպի խաղաղության հաստատում շարժվելու՝ կողմերի մտադրությունն ու ցանկությունը: Ինձ թվում է՝ մեր դիրքորոշումը հստակ շարադրված է եղել այն պահից սկսած, երբ սրում եղավ: Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ հենց քաղաքական դիվանագիտական դաշտում է պետք որոնել այն հարցի պատասխանը, որը անկասկած մասնավորապես հուզում է նաեւ Հայաստանին՝ ինչպե՞ս անել, որ այլեւս արյուն չհեղվի: Դրա համար գոյություն ունի դիվանագիտություն: Դրա համար հիմա մշակվում է Վիեննայում հանդիպում անցկաացնելու հնարավորությունը»,- հայտարարել է Զախարովան:

Նրա խոսքով Ռուսաստանի դերակատարումը ղարաբաղյան կարգավորման հարցում բավականին մեծ է, Ռուսաստանը վերջին տարիներին արել է մի շարք առաջարկներ, որոնք կողմերին մոտեցրել են վերջնական կարգավորման որոնմանը: «Ցավոք, վերջին պահերին այդ պայմանավորվածությունները տարբեր պատճառներով չեն հասել եզրափակիչ փուլին, բայց դուք պետք է իմանաք, որ հենց Ռուսաստանն է մշտապես նախաձեռնել այս կամ այն առաջարկները՝ կարգավորումը խթանելու համար: Ես հասկանում եմ, որ լրատվամիջոցները պետք է անկողմնակալ լինեն ու չեն կարող իրենց տեսադաշտից բաց թողնել այնպիսի կարեւոր գործոն, ինչպիսին է ռազմատեխնիկական համագործակցությունը, բայցեւայնպես նրանք պետք է առաջնորդվեն փաստացի տեղեկություններով ու հասկանան, որ այն, ինչ Ռուսաստա՛նն է անում բաց է ու հիմնված իրավական հիմքերի վրա: Ընդ որում կարեւոր է գիտակցել, որ իրավիճակի կարգավորմանը տանող բանալին քաղաքական դիվանագիտական հարթության վրա է»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: