10-05-2017 11:03

Վաշինգտոնում կկայանա Լավրովի և Թրամփի հանդիպումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 10-ին Սպիտակ տանը կընդունի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, այս մասին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Այո, ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպում է նախատեսվում»,- ասված է հաղորդագրության մեջ: Սպիտակ տանը ևս հաստատել են Լավրովի և Թրամփի հանդիպման մասին տեղեկությունը: ԱՄՆ-ի նախագահի օրակարգում համապատասխան գրառում է հայտնվել՝ լրատամիջոցների համար: Հանդիպումը տեղի կունենա օվալ աշխատասենյակում, տեղական ժամանակով ժամը10:30-ին (17:30-ին՝ Մոսկվայի ժամանակով): Ավելի վաղ այդ մասին տեղեկացրել էին ամերիկյան ԶԼՄ-ները:
Սերգեյ Լավրովը ԱՄՆ է այցելել եռօրյա պաշտոնական այցով: Մայիսի 10-ին նա հանդիպում կունենա իր գործընկերոջ՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, իսկ հաջորդ օրը նախատեսված է նրա հանդիպումը Ալյասկայում Արկտիկական խորհրդի շրջանակներում:
Լավրովի հետ հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Թրամփի համար Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյայի հետ առաջին հանդիպումն է: ՌԴ ԱԳՆ ղեկավարը Թրամփի վարչակազմի աշխատանքի ընթացքում առաջին անգամ պաշտոնական այցով կլինի ԱՄՆ-ում: