Բավ է պառակտվել
14-03-2015 11:17

Հայաստանը կնախընտրեր, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառեր. Նալբանդյան

Հայաստանը կնախընտրեր, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառեր: Այս մասին հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մենք չենք խնդրում մեր բարեկամ երկրներին, գործընկերներ պետություններին Հայաստանի համար ինչ-որ բան անել` ընդդեմ ուրիշների: Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առումով մեր ակնկալիքը մի կողմին աջակցելը չէ՝ ընդդեմ մյուսի, այլ՝ միջազգային հանրության մոտեցումը ներկայացնող Մինսկի խմբի համանախագահների կողմից արտահայտված դիրքորոշմանը սատարելն է: Իսկ Ռուսաստանը երեք համանախագահներից մեկն է: Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դիրքորոշումը արտահայտվել է այդ երկրների նախագահների կողմից արված հինգ հայտարարություններում:

Մեր դիրքորոշումը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների, առաջարկներին: Մենք ողջունել ենք համանախագահ երկրների հինգ հայտարարությունները եւ նշել, որ պատրաստ ենք գնալու կարգավորման՝ նրանց կողմից առաջարկված՝ միջազգային իրավունքի երեք սկզբունքների եւ տարրերի հիման վրա»,-նշել է Նալբանդյանը:

Անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլին, եւ դիտարկմանը, թե արդյոք հզոր տերությունների շահերից է բխում Կովկասում այս տարածքային վեճի կարգավորումը, Հայաստանի ԱԳ նախարարը նշել է. «Չեմ կարծում, որ մենք պետք է մեղադրենք մեծ տերություններին կամ փոքր երկրներին, կամ այլոց: Վերջին վեց տարիների ընթացքում երեք համանախագահները մեծ ջանքեր են գործադրել որպես միջնորդներ, կազմակերպել են շուրջ 20 գագաթաժողովներ, մի քանի տասնյակ հանդիպումներ նախարարական մակարդակով, տարածաշրջանային անթիվ այցեր են իրականացրել:

Իրականում, հակամարտության կողմերից մեկը` Ադրբեջանը, հակադրվում է համանախագահների կողմից արված առաջարկությունների հիման վրա կարգավորմանը: Ադրբեջանը մերժում է հակամարտության կարգավորման եւ վստահության հաստատման միջոցների վերաբերյալ բոլոր առաջարկությունները»:

Հարցին՝ արդյոք Ադրբեջանը ավելի ուժեղ է` հաշվի առնելով իր էներգետիկ ռեսուրսները` գազը եւ նավթը, Նալբանդյանը պատասխանել է. «Ադբեջանը պարծենում է իր հզորությամբ, բայց դա մեծ պատրանք է: Մի երկիր, որը քարոզում է պատերազմ, այլ ոչ թե խաղաղություն, չի կարող հզոր լինել: Տասը տարիների ընթացքում Ադրբեջանը մեծացրել է իր ռազմական բյուջեն շուրջ 30 անգամ, սաստկացրել է իր ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզչությունը եւ անդադար սպառնում է ուժ կիրառել:

Բոլոր պատերազմներից հետո կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, բայց առավել վատ պայմաններում: Մենք հնարավորություն ունենք՝ շարունակելու բանակցությունները երեք համանախագահների հետ միասին: Ինչու՞ չօգտագործել այս հնարավորությունը՝ առաջ մղելու միջազգային հանրության առաջարկությունների հիման վրա կարգավորման գործընթացը: