Բավ է պառակտվել
12-04-2016 11:57

Ադրբեջանի նման գործողություններն արդարացում չունեն. ԼՂՀ ԱԳՆ

Ապրիլի 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական հանցագործություններով, պատերազմի օրենքների ու սովորույթների, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ ԱԳՆ-ն:

Հայտարարությունում, նաեւ ասվում է.

«Խաղաղ բնակչության դիտավորյալ հրետակոծության հետեւանքով ապրիլի 2-ին ԼՂՀ Մարտունու շրջանում՝ դպրոցի բակում, զոհվել է 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել է։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից դաժանաբար սպանվել եւ անարգանքի են ենթարկվել Խալափյան ընտանիքի երեք տարեց անդամներ, որոնցից ամենաավագը 92 տարեկան էր։ Խոշտանգումների ու անարգանքի հետքեր են հայտնաբերվել նաեւ Ադրբեջանի կողմից ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հանձնված ԼՂՀ Պաշտպանության բանակի զոհված զինծառայողների մարմինների վրա։ Սա ԼՂՀ դեմ զինված ագրեսիայի ընթացքում ադրբեջանական բանակի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների ոչ լրիվ ցանկն է։ Կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ Ադրբեջանն իրեն հակադրեց ողջ քաղաքակիրթ աշխարհին՝ բացահայտ մարտահրավեր նետելով վերջինիս։ Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, մասնավորապես Ժնեւյան բոլոր կոնվեցիաների 1-ին հոդվածի, բոլոր երկրները պարտավորվում են ոչ միայն ցանկացած հանգամանքներում պահպանել, այլեւ ստիպել պահպանելու կոնվենցիաների նորմերը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը քայլեր է ձեռնարկում ուղղված միջազգային հանրությանը, այդ թվում՝ մասնագիտացված կառույցներին իրազեկելու Ադրբեջանի զինված ուժերի անմարդկային արարքների այս աղաղակող փաստերը եւ հետամուտ է լինելու, որպեսզի այս հանցագործությունների մեղավորները ոչ միայն խստագույնս դատապարտվեն, այլեւ ենթարկվեն պատասխանատվության։ Ադրբեջանի նման գործողություններն արդարացում չունեն»: