23-05-2016 16:18

Լատվիայի ԱԳՆ. Ժամանակն է բանակցություններ սկսել ԵՄ հետ Հայաստանի ասոցացման վերաբերյալ

Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչը հայտարարել է, որ անհրաժեշտ է բանակցություններ սկսել` Եվրամիության հետ Հայաստանի և Ադրբեջանի ասոցացման վերաբերյալ:
Բրյուսելում ընթացող Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպմանը Լատվիայի ԱԳ նախարարը հորդորել է Եվրամիությանն ակտիվորեն սատարել գործընկերության երկրներին, որոնց քաղաքացիներն, ըստ Ռինկևիչի, պետք է զգան գործնական օգուտը ԵՄ հետ համագործակցությունից:
«Լատվիայի ԱԳ նախարարը նշել է, որ բանակցություններ պետք է սկսվեն Ադրբեջանի և Հայաստանի հետ ասոցացման նոր համաձայնագրերի վերաբերյալ»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Ռինկևիչը շեշտել է, որ Եվրամիությունը պետք է Արևելյան գործընկերության երկրների հետ համաձայնագրեր կնքի առևտրի ազատ գոտու և վիզաների չեղարկման մասին: Նախարարը կոչ է արել ԵՄ-ին մերձեցնել համագործակցությունը այդ պետությունների հետ տրանսպորտի, տարանցիկ փոխադրումների, էներգետիկայի, առողջապահության և ՏՏ տեխնոլոգիաների ոլորտներում:
Արևելյան գործընկերության նախագիծը չի նախատեսում ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն, սակայն միտված է ԵՄ քաղաքական և տնտեսական ինտեգրմանը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ: 2014-ին Թբիլիսին, Քիշնևն ու Կիևը ասոցացման մասին համաձայնագիր են կնքել ԵՄ հետ: Մյուս երկրների հետ ԵՄ-ն որոշել է մշակել գործընկերության անհատական ծրագրեր, որոնք գործակցության նվազ աստիճան են ենթադրում: