Բավ է պառակտվել
11-06-2016 13:40

Գերմանիայի ԱԳՆ-ն 11 խորհրդարանականներին խորհուրդ է տվել չայցելել Թուրքիա

Գերմանիայի ատգործնախարարությունը Բունդեսթագի թուրքական արմատներ ունեցող պատգամավորներին խորհուրդ է տվել զերծ մնալ Թուրքիա այցելելուց: Այս մասին հայտնում են կառավարության աղբյուրները:

Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունել է բանաձև, որում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները անվանել է ցեղասպանություն: Դրան ի պատասխան Թուրքիան անհապաղ հետ է կանչել իր դեսպանին Բեռլինից, գերմանական խորհրդարանի այդ որոշումը անվանելով սխալ: Հետագայում Անկարան հայտարարել է, որ «գործողությունների ծրագիր» կմշակի Գերմանիայի նկատմամբ:

Գերմանիայի հասարակությունում քննադատության ալիք էին բարձրացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայտարարությունները Բունդեսթագի այն 11 պատգամավորների հասցեին, որոնք թուրքական ծագում ունեն: Քանի որ նրանք բանաձևին դեմ չէին քվեարկել՝ Էրդողանն առաջարկել էր նրանցից արյան անալիզ վերցնել, ազգությունը պարզելու համար: Այս արտահայտությունը միանշանակ գնահատվել է որպես սպառնալիք խորհրդարանականների հասցեին:

Տեղի դիտորդները նշում են, որ կանցլեր Անգելա Մերկելը հիմա կախման մեջ է հայտնվել Թուրքիայի իշխանություններից, քանի որ հենց Անկարայի շնորհիվ է արգելափակվել այն կաևորագույն երթուղին, որով փախստականները Եվրոպայում էին հայտնվում: Փորձագետները համարում են, որ եթե Թուրքիան ինչ ինչ պատճառներով հրաժարվի իր պարտավորություններից, ապա միգրանտների հոսքը նորից կհեղեղի ԵՄ երկրները, այդ թվում Գերմանիան, ինչը նորից նախապայմաններ կստեղծի Մեկելի վրա ճնշման համար: