18-10-2016 17:03

Ալիեւն արդեն խոստովանել էր, որ Բաքվին հորդորում են ճանաչել ԼՂ անկախությունը. ԱԳՆ

Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ։ Այս մասին  հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հարցազրույցը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները։

«Հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ԼՂ ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։

Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: