Բավ է պառակտվել
29-10-2014 12:52

Նախագահների մակարդակով հաստատվեց՝ բանակցային գործընթացին այլընտրանք չկա. ԱԳՆ

Ադրբեջանը հակառակ կողմից է մոտենում խնդրին եւ այդքան էլ պատրաստ չէ է դիպուկահարներին հետ քաշմանը եւ ընդհանրապես փոխվստահության ամրապնդման միջոցառումներին: Այս մասին, հոկտեմբերի 27-ին, Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Փարիզում կայացած հանդիպումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Օլանդը առաջարկում էր մի շարք փոխվստահության միջոցներ իրականացնել, այդ շարքում էին նաեւ շփման գծում եւ սահմանին միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը, դիպուկահարների հետ քաշումը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը եւ այլն:

«Այդ բոլոր առաջարկները ողջունվում են նաեւ եռանախագահների կողմից: Ինչպես գիտեք թե՛ Հայաստանը, թե՛ Ղարաբաղը միշտ դրական են արտահայտվել այս կարգի քայլերի իրականացման վերաբերյալ։ Բայց ինչպես ես նկարագրեցի՝ ադրբեջանական կողմը հակառակ կողմից է մոտենում։ Կասեի, որ այդքան էլ պատրաստ չէ դրան: Կրկնեմ՝ իրենք կարծում են, որ երբ առաջընթաց արձանագրվի բանակցություններում, այդ ժամանակ հնարավոր կլինի քննարկել վստահության ամրապնդման միջոցները։ Եթե առաջընթաց լինի, եթե ինչ-որ լուծումների գանք, ապա կարծում եմ արդեն փոխվստահության ամրապնդման միջոցների ահրաժեշտություն էլ այս աստիճանի չի լինի։ Ակնհայտ է, որ առանց փոխվստահության անհնար է հանգուցալուծում: Ավելի շուտ փոխվստահության ամրապնդման միջոցառումները պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն առաջնթաց արձանագրելու համար»,-ասել է Նալբանդյանը:

Հարցին, թե այս բանակցություններում խաղաղության մեջ պայմանագիր ստորագրելու հարցը քննարկվե՞լ է, թե ոչ, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Այդպիսի կոչեր մշտապես եղել են: Դրանք պետք է դիտարկել այն կոնտեքստում, որ երբ մենք պայմանավորվածության գանք հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, դա հնարավորություն կտա, հիմք կհանդիսանա մեծ պայմանագրի մշակման համար։ Քանի որ հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռ չի ձեռք բերվել, այսօր այդպիսի հարց չի կարող քննարկվել»:

Նա նկատել է, որ այս հանդիպումը շարունակությունն էր Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ՝ Սոչիում կայացած հանդիպման, որը բավական լիցքաթափեց լարվածությունը սահմանին եւ շփման գծում։ Նաեւ շարունակություն էր Նյուպորտում Միացյալ Նահանգների պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած հանդիպման:

«Այս հանդիպումների շարքը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափը չնայած միջազգային բեմահարթակում ի հայտ եկած որոշ դժվարությունների, շարունակում է մնալ բավական գործուն ձեւաչափ։ Եռանախագահները շարունակում են համատեղ ջանքերը, դրա մասին է խոսում նաեւ այն, որ այսօրվա հանդիպմանը հրավիրված էին նաեւ համանախագահները, մասնակցելու թե՛ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, թե՛ եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպմանը»:

Հարցին, թե կա՞ արդյոք տրամադրությունների տարբերություն Սոչիից մինչեւ Փարիզ, Նալբանդյանն արձագանքել է. «Կարծում եմ, որ տրամադրվածությունները ավելի դրական էին: Նախագահների մակարդակով հաստատվեց, որ գոյություն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը՝ ՄԱԿ-ի ԱԽ անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրների մասնակցությամբ, դա գործուն եւ արդյունավետ ձեւաչափ է։

Կարեւոր է, որ նախագահների մակարդակով հաստատվեց՝ բանակցային գործընթացին այլընտրանք չկա եւ պետք է գնալ խաղաղ կարգավորման, խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում, որպեսզի ժողովուրդները օգտվեն այդ խաղաղությունից»: