Բավ է պառակտվել
12-07-2016 12:14

Ադրբեջանը փորձում է անտեսել ձեռք բերված համաձայնությունները.Նալբանդյան

Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, նախևառաջ, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է, և ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գագաթաժողովներին: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Էրդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Կիևում անցկացվող Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

«Հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, զինադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում»,-պայմանավորվածությունները թվարկել է ԱԳ նախարարը:

Նա նշել է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ ունեին կայունացնելու ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցված լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:

«Ցավոք, երկու գագաթաժողովներից հետո Ադրբեջանը փորձում է անտեսել ձեռք բերված համաձայնությունները՝ խոչընդոտելով խաղաղ գործընթացի առաջխաղացումը: Հայաստանը եռանախագահների հետ միասին շարունակելու է ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,-ասել է նա:
Նալբանդյանն առաջարկել է Երևանում հյուրընկալել Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական հաջորդ հանդիպումը:

«Այս առումով մենք հույս ենք հայտնում երևանյան հանդիպման միջոցով բովանդակալից ներդրում ունենալ մեր համագործակցությանը»,-նշել է նա:
Նալբանդյանի ելույթն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: