Բավ է պառակտվել
21-06-2016 14:38

Մեկ քայլ առաջ կատարեցինք դեպի խաղաղություն. Շարմազանով

Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջական մասնակցության, Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից ոչ ոք թռիչքային առաջընթաց չէր սպասում, սակայն, այն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հարաբերական հանգիստ ապահովելու համար օգտակար հանդիպում էր. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Առաջընթաց չէր սպասվում, մանավանդ, Ալիևը նախորդ օրն անհեթեթ հայտարարությամբ էր հանդես եկել: Բայց, կարծում եմ, որ այս հանդիպումով թեկուզ մի քայլ առաջ կատարեցինք դեպի խաղաղություն»,-ասաց նա:

Շարմազանովի խոսքով, եթե կողմերը ցանկանում են, որ լուրջ առաջընթաց ունենանք ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, պետք է Ադրբեջանը կատարի 1994-95թթ. զինադադարի պայմանագրի բոլոր կետերը:

«Առանց ԼՂՀ ամբողջական մասնակցության, չենք կարող ակնկալել խնդրի թռիչքային առաջընթաց: ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, ԼՂՀ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, ԼՂՀ հասարակությունը պետք է օգտվի նույն այն իրավունքից, որից օգտվեց Շոտլանդիայի հասարակությունը. ինչո՞ւ իրենք կարող են, բայց արցախցին՝ ոչ»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կա երկու տարբերակ` կամ պետք է դուռը շրխկացնելով փակել կամ գնալ բանակցությունների: «Մեզ համար այժմ ամենակարևորը խաղաղության պահպանումն է: Այս պահին Սարգսյան-Ալիև հանդիպումն իր խնդիրը լուծել է, հարաբերական անդորր է սահմանին»,-շեշտեց նա: