24-10-2017 15:24

Միջազգային կազմակերպությունները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից «Սպայկ»-ի կիրառումը. Փոխխոսնակ

Միջազգային կազմակերպությունները պետք է դատապարտեն Ադրբեջանի կողմից «Սպայկ» հրթիռի կիրառումը, խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ այս մասին Արցախում Մեքսիկայից ժամանած պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հոկտեմբերի 23-ին ժամը 15:05-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ-ն օրվա մեջ երկրորդ անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով «Սպայկ» կառավարվող հակատանկային հրթիռ:
Շարմազանովը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտումը, հավելելով, որ նույնիսկ Ժնևում նախագահների մակարդակով հանդիպումից հետո այդ պետությունը պատրաստ չէ կառուցողական քայլերի: Նա նաև դատապարտել է «Սպայկ» հրթիռի կիրառման փաստը, ինչը ևս մեկ անգամ բացահայտում է Ադրբեջանի հանցավոր էությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացավ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որին ներկա էին նաև ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:
Նախագահները համաձայնել էին ջանքեր գործադրել բանակցային գործընթացի ակտիվացման և շփման գծում լարվածության թուլացման ուղղությամբ: