Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցով քննարկել են Ուկրաինայի իրավիճակը:
Պուտինը մտահոգություն է հայտնել «Ուկրաինայում խորացող հումանիտար աղետի» կապակցությամբ, ինչպես նաեւ Մերկելին պատմել Դոնեցկի եւ Լոգանսկի մարզի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու առաքելության իրականացման մասին:
«Շարունակվել է Ուկրաինայում ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ միջազգային աջակցության հնարավոր ձեւաչափերի քննարկումը», — ասվում է հաղորդագրության մեջ:
Իր հերթին Մերկելը Պուտինին կոչ է արել ներդրում ունենալ Ուկրաինայում իրադրության լարվածության թոթափման հարցում, եւ մասնավորապես, առաջարկել է վերջ դնել զենք մատակարարելուն եւ զինվորական կազմ ուղարկելուն: Կանցլերը նաեւ հույս է հայտնել, որ հումանիտար առաքելությունը կարճ ժամանակում կծառայի նպատակին: