Բավ է պառակտվել
10-06-2014 13:02

ՀՀ քաղաքական կուսակցություններն իրենց ամոթալի են պահում. Պ. Հայրիկյան

ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը քաղաքական իրավիճակում ներկա պահին կարևոր է համարում Հայաստանի արտաքին դիրքորոշումը ռազմավարական տեսանկյունից: Նա վստահ է, որ ՛՛և, և՛՛-ի քաղաքականությունն անհնար է: Նա նշեց, որ ինչպես 1939թ.-ին չէիր կարող լինել և´ Հիտլերի կողմից, և´ ազատական երկրների, նույնն էլ այսօր է:

՛՛Եվրոպան ինչո՞ւ պետք է լինի խանդավառ, Հայաստանը ցույց տվեց, որ իր իշխանություններով Հայաստանը քաղաքական բոմժի կարգավիճակում է, իսկ բոմժին ինչո՞ւ պետք է հյուրընկալեն իրենց ընտանիք: Բոմժը բոմժ է բոլորի համար՛՛:

ԱԻՄ առաջնորդը կարծում է, որ ՀՀ քաղաքական կուսակցություններն իրենց ուղղակի ամոթալի և խայտառակ պահեցին:
՛՛Եթե ես մինչև վերջերս գոհունակությամբ էի նայում քաղաքական դաշտին՝ մտածելով, որ մեր երազանքներից մեկը՝ բազմակուսակցական երկիր ունենալը, իրականություն է դարձել, հիմա դա այդպես չէ: Եթե կայացած պետության մեջ պարզվում է, որ քո կուսակցությունները կուսակցություն չեն, այլ ՛՛թայֆաներ՛՛ են և մաս են կազմում մի մեծ կուսակցության՝ КГБ-ի ցանցին՛՛,- ասաց նա և ընդգծեց, որ այդ ամենը պարտավորեցնում է ԱԻՆ-ին ավելի լուրջ ստանձնել իր պարտականությունները:

Պարույր Հայրիկյանը նաև հայտարարեց, որ շաբաթ օրն իրենք ԱԻՄ ներկայացուցիչների համահավաք կանցկացնեն, որի ընթացքում կընտրվի նոր ներկայացուցչական խորհուրդ և հենց այդ օրը ևս մեկ անգամ ցույց կտան իրենց կողմնորոշումը:
՛՛Մենք մեր համահավաքում կներկայացնենք նաև Ցեղասպանության հարյուրամյակին ներկայանալու հայեցակարգը՛՛,-ասաց նա: