Բավ է պառակտվել
19-09-2016 12:40

Էջմիածնի քաղաքապետը ձայների ճնշող առավելությամբ վերընտրվել է

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում սեպտեմբերի 18-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, այս մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակած նախնական տվյալները:

Գրիգորյանը ստացել է 10587 ձայն, նրա գլխավոր մրցակից Արթուր Թումանյանը ստացել է 3651 ձայն: Ձայների ամենաքիչ քանակը ստացել է Արթուր Խաչատրյանը` 204 ձայն:

Էջմիածնի նախընտրական պայքարն անցել է լարված: Սեպտեմբերի 16-ին կրակել են գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ավտոմեքենայի վրա (պաշտպանության նախկին նախարար Մանվել Գրիգորյանի որդին), նրա մրցակից Արթուր Թումանյանը հոսպիտալացվել էր ծեծի ենթարկվելու հետևանքով և գտնվում էր ծանր վիճակում:

Հիշեցնենք նաև, որ երեկ Էջմիածնում գրանցվեց ընտրողների շուրջ 36 տոկոս մասնակցություն:

Ավելի ուշ ՀՀ ՔԿ-ն հաղորդել է Երևան-Էջմիածին ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեկ անձի ձերբակալման մասին։ Միջադեպին մասնակից անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ, որի արդյունքում քաղաքացի Կ.Արմենակյանի բնակարանում հայտնաբերվել է ռազմամթերք, և նա սեպտեմբերի 18-ին ձերբակալվել է:

Ընդ որում, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել միջադեպին մասնակից երեք` «Վազ 21-06», «Լեքսուս» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներում. հրազենային վնասվածքներ չեն հայտնաբերվել։