Բավ է պառակտվել
27-02-2014 16:59

Մենք մեր առաջին նախագահին շատ ենք հարգում և դատի չենք տա. Հովիկ Աբրահամյան

ՀՀ ԱԺ նիստում, ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը ՛՛Մարտի 1-ի՛՛ հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ, անրադառնալով ՀՀԿ-ականների այն դիտարկմանը, թե ինչու չի հարցաքննվում Լևոն Տեր-Պետրոսյանը, նշեց, որ դա կարող են անել նաև իշխանությունները.

՛՛Գնացեք՝ Լևոն Տեր-Պետրոսյանին դատեք, ո՞վ ա խանգարում, մուրճն էլ ա ձեր ձեռքին, մեխն էլ՛՛,-հայտարարեց Արամ Մանուկյանը:

Նա ՀՀԿ գործընկերներին հորդորեց, որպեսզի կարծիքներ արտահայտեն այն մարդիկ, ովքեր հասարակության կողմից վարկաբեկված չեն:

Մինչ ելույթի բուն թեմային անցնելը նա հանդես եկավ ՀՀԿ-ի իր գործընկերներին ուղղված խորհրդով։ Անրադառնալով Ալեքսանդր Արզումանյանի այն հայտարարությանը, թե բացի ՀԱԿ-ից ու ՛՛Ժառանգությունից՛՛ մյուս խմբակցությունները մասնակցություն ունեն մարտի 1-ի դեպքերին նա նշեց.

՛՛Ձեր նշած երկու խմբակցությունները երկու տարի առաջ իշխանության մեջ էին, և եթե այսօր նրանք իշխանության մեջ չեն, ես դա համարում եմ լուրջ առաջընթաց, փոփոխություն, մարդիկ հետ են կանգնել ռեժիմի հետ համագործակցելուց, նաև ընդառաջ են եկել մեր համաձայնություններին։ Դա շատ լուրջ քայլ է, կրկնում եմ՝ շնորհակալ ենք նրանց դրա համար՛՛,-նշեց նա։

Արամ Մանուկյանը նաև անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի դիտարկմանը, թե ինչու են ուզում հենց հանձնաժողով ստեղծել։ «Գիտեք, հանձնաժողով մե՞նք ենք ուզում ստեղծել։ Ամենևին, սա ձեր գործն է, գնացեք՝ արեք, «Նաիրիտի» հետ կապված, կենսաթոշակայինի, «Որոտանի», գազի հետ կապված։ Ապացուցում ենք՝ էս մարդը հանցագործ է, պատժեք, չեք պատժում։ Ի՞նչ անենք։ Գնացեք, էսօր ինչն է խանգարում ՀՀԿ-ին, քաղխորհուրդ անել, գնալ, դատախազին կանչել և բոլոր մասնագետներին, ասել՝ գնում ենք համարձակ քայլի, մարտի մեկի հանցագործությունների համար պատժել, էդ ժամանակ մենք ոչ ասելիք կունենանք, ոչ կգանք էստեղ՝ հանձնաժողով կպահանջենք, հանձնաժողով պահանջելը անելանելիությունից է, անզորությունից, հարցերի հետագա ապագան չտեսնելուց է, գնացեք՝ լուծեք»,-ասաց նա։

Արամ Մանուկյանի ելույթից հետո արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.
՛՛Պարոն Մանուկյան, մենք մեր երկրի առաջին նախագահին շատ ենք հարգում և նման ցանկություն չունենք։ Եվ Ձեր ցանկությամբ չենք կարող այդպիսի դատ անել երկրի առաջին նախագահին, և ընդհանրապես ՀՀԿ ֆրակցիան երբեք իրեն դատախազի ֆունկցիաներ չի վերապահում, է դուք բոլորին ուզում եք դատել, դա դատախազներին, դատավորներին թողեք՛՛: