10-09-2014 21:44

Մենք չենք գնում արհեստական ինչ-որ բաներ անելու.ԲՀԿ պատգամավոր

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու էին քառյակի գործընկերներից միայն ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի առաջնորդներն իրենց ներկայացուցիչների հետ միասին երեկ հանդիպել, նշեց, որ միայն հանրահավաքի հետ կապված հարցեր չեն քննարկվել, այլև տարբեր հարցեր և անհրաժեշտություն կար երկուսով հանդիպելու։
Հիշեցնենք, որ երեկ հանդիպել էին առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և խմբակցություններից պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը:
Հարցին, թե գաղտնի՞ք ունեին ՀՅԴ-ից ու «Ժառանգությունից»՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Չէ, չէ, գաղտնիք չունենք, մենք շարունակելու ենք հանդիպումները, և առաջին անգամ չէ, որ մենք երկկողմ հանդիպումներ ենք անում, դա այդ նույն շարքից է: Մենք նախկինում էլ արել ենք երկկողմ հանդիպումներ, հիմա ևս անում ենք, առաջիկայում շարունակվելու է դա»:
Ըստ ԲՀԿ պատգամավորի՝ առաջիկայում հանդիպումներ կլինեն նաև ՀՅԴ-ի ու
«Զարմանալի բան չկա, երեկվա հանդիպումը համընկել է քառյակի նիստի օրվա հետ, հատուկ չի պլանավորված, որ քառյակի նիստից հետո մենք գնայինք այլ հանդիպման, դրանք ուղղակի պատահական համընկան: Եթե քառյակի նիստ չանեինք էլ, մենք հանդիպելու էինք, բաց քառյակի նիստից հետո գնալով անտեղ` քառյակի որոշ հարցեր ևս քննարկվեցին»:
Իսկ թե իշխանափոխության կոչեր հնչեցնելու հարց քննարկվե՞լ է, Մարգարյանը պատասխանեց. «Մենք չենք գնում արհեստական ինչ-որ բաներ անելու, մենք հայտարարել ենք օրգանական կապը մեր հետագա ու նախորդ քայլերի հետ, հայտարարել ենք տասներկու կետեր, սեպտեմբերի վերջին ամփոփելու ենք մեր տասներկու կետերն ու դրանից ելնելով հանրահավաքում խոսելու ենք այն մասին, թե որոշումն ինչպիսին կլինի՝ կատարված լինելու կամ չլինելու պարագայում: Մենք կորոշենք դա սեպտեմբերի վերջին, հիմա չենք քննարկել հետագա անելիքները՝ ինչ ենք անելու, ինչ հարցեր ենք առաջ քաշելու, հանրահավաքի հստակ օրակարգ է լինելու 12 կետերի ամփոփումը, բայց չի բացառվում, որ այլ հարցեր ևս լինեն, հանրահավաքից առաջ օրակարգը կճշտենք»:
Հարցին, թե իշխանափոխության պահանջը հիմա՞ էլ արդիական չէ ԲՀԿ-ի համար, պատգամավորը պատասխանեց. «Մենք հենց այնպես ինչ-որ բաներ չենք ասում, սա կախված է մեր ամփոփումից՝ նախ, քառյակում ինչպիսի որոշում կընդունվի, ժողովուրդն ինչ է ուզում, որովհետև մենք հայտարարել ենք կետեր, որոնք համարել ենք շատ կարևոր, որոնց հետ կապել ենք երկրի վիճակը: Հիմա եթե այդ կետերը չեն կատարվել, ուրեմն չեն կատարվել, կսկսենք քննարկել ինչ անել հետո, հիմա նման քննարկում չունենք դեռ»: