26-02-2014 12:00

«Յանուկովիչն այլևս կարող է լինել միայն քավության նոխազ, որին կձգտեն զոհաբերել».Ա. Մելիքյան

«Յանուկովիչն այլևս կարող է լինել միայն քավության նոխազ, որին կձգտեն զոհաբերել կամ զոհել առավել դիտարժան կերպով»,-news.gisher.ru-ի թղթակցի հետ զրուցում նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Վերջինիս համոզմամբ ոչ միայն նա, այլև Ուկրաինայի առավելապես ռուսաստանամետ տրամադրություններ ունեցող մարզերի ներկայիս ղեկավարությունը հիմնականում ընդունակ չէ միավորել և առաջնորդել ժողովրդին՝ նրանք ասոցացվում են Յանուկովիչի կոռումպացված իշխանության հետ ու մարդիկ դժվար թե նրանց վստահեն սեփական կյանքն ու երեխաների ապագան տնօրինելու իրավունքը: «Նոր, իրապես վստահություն վայելող առաջնորդները միայն ի զորու կլինեն նախաձեռնել և իրականություն դարձնել Ուկրաինայի ռուս և ռուսալեզու բնակչության համախմբումն ու, հակամայդանական-«հակաֆաշիստական» կարգախոսների ներքո, հոգուտ Ռուսաստանին միանալու կամ անկախ Մալոռոսիա»,-նշեց Պրն. Մելիքյանն ու ավելացրեց. «Ի տարբերություն Յանուկովիչին, ռուսաստանամետ տարածաշրջանների ներկայիս ղեկավարները դեռ պետք կգան՝ անհրաժեշտ կլինի ապահովել նոր՝ ժողովրդական առաջնորդների մուտքը քաղաքական ասպարեզ և սեփական իշխանական լիազորությունների աստիճանական փոխանցումն այդ մարդկանց»,-ասաց զրուցակիցս: Արման Մելիքյանը նաև համոզված է, որ դեպքերի նման զարգացման պարագայում Ռուսաստանը մի կողմից կապահովի սեփական բացառիկ քաղաքական ազդեցությունը տվյալ տարածաշրջաններում, իսկ մյուս կողմի՝ զերծ կմնա ուկրաինական ներքին հակամարտությանն անմիջականորեն ու պաշտոնապես ներգրավված լինելու տհաճ և վնասակար հեռանկարից: «Այս պահին շտապողականությունը կարող է թանկ նստել ու, թերևս, Կիևում Մայդանի հաղթանակի Ռուսաստանի համար ոչ ցանկալի հետևանքները հաղթահարելի դառնան մի կողմից հեղափոխականների ճամբարում ներքին պառակտումների, իսկ մյուս կողմից՝ ծայրագավառներում ռուսամետ ուժերի համախմբման ու ակտիվացման շնորհիվ»,-ընդգծեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը:
Անրադառանլով այն հարցին թե այս ամենն ի՞նչ հետևանք կարող է ունենալ մեզ համար, Արման Մելիքյանն ասաց. «Հետևանքներ կլինեն այն դեպքում, եթբ Ռուսաստանն իր արևմտյան գործընկերների հետ չկարողանա փոխընդունելի պայմանավորվածությունների հանգել: Այդ դեպքում Մինսկի Խմբի ձևաչափը կարող է անարդյունավետ ճանաչվել հենց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից, իսկ նման շրջադարձն էապես կբարձրացնի ռազմական գործողությունների վերսկսման վտանգը»: Զրուցակիցս նաև ընդգծեց, որ շուտով հասկանալի կլինի՝ կա արդյոք գերուժերի միջև փոխպայմանավորվածություն Ուկրաինայի հարցում. «Քանզի եթե չկա, ապա մենք դա անմիջականորեն կզգանք սեփական մաշկի վրա», եզրափակեց Արման Մելիքյանը: