Բավ է պառակտվել
07-04-2016 18:53

Հակամարտությունը պետք է լուծեն դիվանագետները, ոչ թե զինվորականները.Մեդվեդև

Հակամարտությունը պետք է լուծեն դիվանագետները, ոչ թե զինվորականները։ Այս մասին ապրիլի 7-ին Երեւանում լրագրողներին ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ մամուլի համար արված համատեղ հայտարարության ժամանակ։

«Իհարկե մենք չէինք կարող այսօր չքննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակը։ Ես դա քննարկել եմ վարչապետի հետ, երեկոյան պլանավորում եմ քննարկել երկրի նախագահի հետ։ Ստեղծված իրավիճակն անկասկած մեզ մոտ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։

Մենք հույս ունենք, որ հրադադարի պահպանման ռեժիմը կպահպանվի, եւ կվերականգնվի քաղաքական գործընթացը, որում շատ բան է ներդրվել։ Որպեսզի կարգավորմամբ զբաղվեն դիվանագետները, այլ ոչ թե զինվորականները։ Իհարկե, որպեսզի չմահանան մարդիկ, եւ չավերվեն ենթակառուցվածքները։

Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է միջնորդի դերում հանդես գալ, օգտագործել մեր ազդեցությունը համապատասխան ընթացակարգերի շրջանակներում։ Այն մեխանիզմը, որը կա, այլընտրանք չունի, դրա լիազորությունները պետք է ամրապնդվեն ՄԱԿ ԱԽ եւ ԵԱՀԿ որոշումներով։ Ամենակարեւորը, որ ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, դա հակամարտությունը թեժ փուլ տեղափոխելը բացառելն է, քանի որ դա կարող է ամենաողբերգական հետեւանքներն ունենալ տարածաշրջանի համար։ Սակայն այդ հարցի քննարկումն անխոս կշարունակվի»,- ասել է Մեդվեդեւը։