25-11-2015 10:36

Մեդվեդևը մեղադրել է Թուրքիային ԻՊ-ին պաշտպանելու համար

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Անկարան պաշտպանում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններին։ 
Նրա խոսքով՝ տեղեկություններ կան, որոնք վկայում են այդ կազմակերպությունից նավթամթերքի մատակարարման գործում մի շարք թուրք պաշտոնատար անձանց շահագրգռվածության մասին: 
«Ռուսական ինքնաթիռը կործանած թուրքական իշխանությունների անխոհեմ հանցավոր գործողությունները հանգեցրել են երեք հետևանքի։ Առաջին հերթին՝ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների վտանգավոր սրում, որը չի կարող արդարացվել ոչ մի շահերով, այդ թվում նաև պետական սահմանների պաշտպանությամբ»,- հայտարարել է Մեդվեդևը: 
Երկրորդ հերթին՝ Թուրքիան ցույց է տվել, որ պաշտպանում է ԻՊ-ին, հավելել է վարչապետը։ 
«Եվ երրորդ՝ վտանգվել են բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև, այդ թվում և տնտեսական ու հումանիտար ոլորտներում»,- ասել է ՌԴ վարչապետը: 
Նա ընդգծել է, որ տեղի ունեցածի հետևանք կարող է դառնալ մի շարք համատեղ նախագծերից հրաժարումը և ռուսական շուկայում թուրքական ընկերությունների դիրքերի կորուստը։