13-09-2014 14:02

Մարտի 1-ի դեպքերի քննության հետ ՀՀ ոստիկանապետը կապ չունի

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Մարտի 1-ի քննության ընթացքի հետ ծանոթ չէ, քանի որ դա իր լիազորությունների շրջանակում չէ: Այս մասին նա հայտարարել է Արզնիում կազմակերպված ոստիկանության զորքերի ուսումնական զորավարժության ժամանակ:
«Ես որպես էն ժամանակ ռազմական ոստիկանության պետ, հիմա որպես ոստիկանության պետ, ուղղակի չեմ զբաղվել այդ գործով: Մարտի մեկին իմ մասնակցությունը եղել է այնքանով, որ ռազմական ոստիկանությունը կառավարության շենքի պահպանությունն է վերցրել իր վրա, եւ ես օպերատիվ խմբով արդեն դեպքի վայրից հետո տեղազննություններին մասնակցել ենք նույնպես: Քննության ընթացքի հետ ես ուղղակի ծանոթ չեմ, եւ կարծում եմ՝ այնքան ծեծված թեմա է. ես ինչ էլ ասելու լինեմ, ասելու եմ այն, ինչ որ կան լրատվամիջոցներում»,- ընդգծել է նա՝ պատասխանելով հարցին, թե ովքեր են եղել 2008 թվականի «մարտի 1-ի» պատվիրատուները:


Նշենք, որ սեպտեմբերի 11-ին կառավարության նիստից հետո Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողներին հայտնել էր, որ Մարտի 1-ի գործով բոլոր հանգամանքները պարզվել են, կան առանձին չբացահայտված հանգամանքներ, որոնց հարցում կան լուրջ խոչընդոտներ հենց տուժածների կողմից: