Բավ է պառակտվել
10-03-2014 13:45

Հայաստանում կարծես չեն ցանկանում մարտի 1-ի դեպքերը բացահայտել

Այսօր, «Մարտի 1»-ի իրադարձությունների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների նախագիծը ԱԺ մեծամասնությունը մերժեց 66 դեմ, 46 կողմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ։

ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե բնականաբար ԲՀԿ-ն, որպես նախաձեռնողներից մեկը, քվեարկելու է կողմ և կոչ արեց բոլոր նրանց, ովքեր վախենալու ոչինչ չունեն՝ հետևեն ԲՀԿ-ի օրինակին և կողմ քվեարկեն։ Ըստ նրա, իրենք բաց ենք ցանկացած հարց քննարկելու համար, ովքեր թաքցնելու կամ վախենալու բան չունեն, թող կողմ քվեարկեն:

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, թե խնդրին ամենալուրջը ՀՀԿ-ն է վերաբերվում, բայց. «Նրանք ովքեր մտածում են, որ շոուներ կստեղծեն, մեզ համար ընդունելի չէ։ Մենք կրկին անգամ քննարկել ենք և եկել այն եզրակացության, որ նպատակահարմար չէ հանձնաժողով ստեղծել»,-նշեց նա։

Նախագծի համահեղինակ Գագիկ Ջհանգիրյանը ՀՀԿ խմբակցության ղեկավարին արձագանքեց, թե համենայն դեպս ինքը նախագիծը ներկայացնելով՝ շոու ցույց տալու նպատակ չի հետապնդել։ «Ցավում եմ, որ բովանդակային որևէ առաջարկ չհնչեց, բացի Արտակ Դավթյանի առաջարկից, զարմանում եմ՝ ձեր բոլոր պատգամավորները կողմ են, որ մեղավորները պատժվեն, բայց մեր ձեռքի եկածը չենք անում»,-նշեց Ջհանգիրյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի արձագանքեց. «Ուզում եմ հասկանալ, ինչո՞ւ չեք քվեարկում, շատ բան էլ որ չեմ ասում, որն է ճիշտ՝ բացահայտենք։ Թե ինչ է ասել շոու...»։ Մինչ նա խոսում էր, ՀՀ ԱԺ նախագահը պահանջեց անջատել խոսափողը:
Տեղից խմբակցության ղեկավարն առանց խոսափողի հայտարարեց. «Պարոն Աբրահամյան, դուք ԱԺ կանոնակարգ օրենքը խախտում եք»։

Իսկ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե մատնանշած նախորդ հանձնաժողովի ուսումնասիրությունը հարցի հետո որևէ առնչություն չունի։ «Այս հանձնաժողովը ոչ թե մարտի մեկի սպանությունները պետք է ուսումնասիրեր, այլ թե իրավապահ մարմինները արդարադատության խոչընդոտման ինչ փորձեր են արել։ Իսկ եթե չեք քվեարկում, ձեզ վրա եք վերցնում արդարադատության խոչընդոտման և արյան համար պատասխանատվությունը»,-հավելեց նա։