Բավ է պառակտվել
14-05-2014 10:57

Մաքսային Միությանը միանալու Հայաստանի որոշումը չի նվազեցնում Եվրամիության հետ երկխոսության հնարավորությունները. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 13-ին ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանին:

Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի գործունեությունը, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, արդարության գաղափարների տարածմանը, եւ որը միշտ նպաստել է Հայաստանում այդ արժեքների զարգացմանը:

ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չի նվազեցնում Եվրամիության հետ երկխոսության եւ եվրոպական կառույցների հետ փոխգործակցության հնարավորությունները. Ավելին՝ Հայաստանը վճռական է շարունակելու եւ զարգացնելու քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ:

Տիկին Աթիլգանը նշեց, որ իրենց գործունեությունը ուղղված է Գերմանիա-Հայաստան, ԵՄ-Հայաստան եւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ-Հայաստանի հանրապետական կուսակցություն համագործակցության զարգացմանը, եւ իրենք պատրաստ են հետայսու եւս աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների ու եվրաինտեգրման գործընթացներին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հիմնադրամի հետ Ազգային ժողովի համագործակցության եզրերը, խորհրդարանի կառույցներին հիմնադրամի օժանդակության ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Հյուրի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրեց նաեւ տարածաշրջանային անվտանգության, երկրի ներքաղաքական իրավիճակի, նոր ձեւավորված կառավարության ծրագրային քաղաքականության վերաբերյալ իր պատկերացումներն ու գնահատականները: