Բավ է պառակտվել
03-06-2014 14:06

ՀՀԿ-ական պատգամավորը Հայաստանի՝ ԼՂՀ հարցում ձեռք բերված հաղթանակի մասին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունը Հայաստանի` Ղարաբաղի հարցում ձեռք բերած կարեւոր հաղթանակի վկայությունն է: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Ըստ նրա, եթե Հայաստանի սահմանները միջազգային մակարդակի վրա նախապայմաններով են նշվում, նշանակում է` ամրապնդվել է այն կարծիքը, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է կազմում: «Երբ ասում ենք Հայաստան, ինքներս էլ Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նկատի ունենք: Իսկ Նազարբաեւի հայտարարությունն ի՞նչ է ասում: Ստացվում է, որ միջազգային փաստաթղթերում հարկ է ճշտել` մտնո՞ւմ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մեջ, թե՞` ոչ: Սա վերջին 20-25 տարիների ամենամեծ ձեռքբերումներից մեկն է», - հավելել է պատգամավորը` ընդգծելով, որ Հայաստանը միշտ էլ Լեռնային Ղարաբաղի հետ համընդհանուր տնտեսական տարածք է կազմել եւ այսուհետ էլ կազմելու է, ինչի մասին են վկայում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարությունները:

Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի ավարտին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել: Նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջարկել է Հայաստանի` Եվրասիական միությանը մինչեւ հունիսի 15-ը միանալու հարցը քննարկման դնել: Ի պատասխան, Ղազախստանի նախագահ Նազարբաեւը Ադրբեջանի նախագահ Իլհամի Ալիեւ կողմից հասցեագրված նամակի մասին է հիշատակել, որտեղ Հայաստանին միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով Եվրասիական միություն ընդունելու կոչ է արվում: Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անտեսելով Ալիեւի նամակի մասին հիշատակումը, բոլոր փաստաթղթերի` ամենակարճ ժամկետներում ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել: