06-02-2014 18:37

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Այսօր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին և նրա հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցերը: Կարեն Միրզոյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների վրա, նշելով, որ դրանք վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին։ Նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները լուրջ վնաս են հասցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և պետք է արժանանան վճռական դատապարտման միջազգային հանրության կողմից։ Երկուստեք կարևորվել է շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման և միջադեպերի բացառելու անհրաժեշտությունը։