Բավ է պառակտվել
17-11-2014 19:25

ԼՂՀ ԱԳ նախարարը Կասպշիկի հետ քննարկել է խոցված ուղղաթիռի խնդիրը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն, այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի Ադրբեջանի կողմից խոցման հետեւանքով ստեղծված իրավիճակը։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի նման աննախադեպ խախտումը մարտահրավեր է նախ եւ առաջ միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների խաղաղարար ջանքերին։ Կարեն Միրզոյանը նշել է, որ միջադեպերի համար պատասխանատուի հասցեական դատապարտման բացակայությունն Ադրբեջանում ընկալվում է որպես անպատժելիության արտոնագիր եւ այդ համատեքստում կարեւորել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումն ու իրագործումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ մի շարք հարցերի, մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։