Բավ է պառակտվել
27-10-2014 12:17

ԼՂՀ արտգործնախարարն աշխատանքային այցով Կանադայում է

Աշխատանքային այցով Կանադայում է գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, տեղեկացնում է ԼՂՀ արտգործնախարարությունը։  Նախարարի այցը սկսվել է Տորոնտո քաղաքից, որտեղ նա այցելել է Հայ առաքելական, կաթողիկե և բողոքական եկեղեցիները, համայնքային մի շարք կառույցներ, դպրոցներ։ Հոկտեմբերի 26-ին Կարեն Միրզոյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան գալա երեկոյին, որտեղ հանդես է եկել որպես գլխավոր բանախոս։ Իր ելույթում նա ներկայացրել է Արցախի ներկայիս վիճակը և ձեռքբերումները, երկրի զարգացմանն ուղղված ծրագրերն ու անելիքները։ Կարեն Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին։ Խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության մասին Արցախում՝ նախարարը դրական է գնահատել այն, ընդգծելով, որ դրա շնորհիվ լուծվել են ենթակառուցվածքային բազմաթիվ հարցեր, կառուցվել դպրոցներ, մանկապարտեզներ ու համայնքային կենտրոններ։ Կանադա այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա նաև Օտտավա և Մոնրեալ քաղաքներում։