Բավ է պառակտվել
30-06-2016 11:57

Լուկաշևիչ. «Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումն առայժմ անհնար է»

Ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու թեման առայժմ չի քննարկվում, հայտարարել է ԵԱՀԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։

«Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահական գործողության վերաբերյալ հայեցակարգ կա, որը հաստատվել է դեռ 90-ականներին։ Բայց դա կարգավորման վերջնական փուլն է, հիմա այդ գաղափարը չի քննարկվում։ ԵԱՀԿ քարտուղարության շրջանակում աշխատում է, այսպես կոչված, բարձր մակարդակի ծրագրավորման խումբ, որը կանոնավոր կերպով ադապտացնում է ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ հովանու ներքո հիպոթետիկ խաղաղապահ գործողություն անցկացնելու սխեման։

Այսինքն, լավ իմաստով դա ԵԱՀԿ-ի համար հստակ նախանշված առաջադրանք է։ Բայց ի՞նչ ուժերով։ Դա ի՞նչ տեսք կունենա։ Առայժմ դա միայն ուրվագիծ է քարտեզի վրա, որին կանոնավոր կերպով ծանոթացնում են անդամ երկրներին»,- ասել է դիվանագետը։

«Խումբն աշխատում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ սերտ համագործակցելով, հաճախակի մեկնում է հակամարտության գոտի։ Ադապտացիա ասելով` նկատի ունենք տեղանքի զննումը և այդ խաղաղապահ ստորաբաժանումները քարտեզի վրա տեղակայելու հնարավոր տարբերակները։ Վերջնական կետը կարգավորման սկզբունքների համաձայնեցումն է, որից հետո կողմերը համաձայնեցնում են խաղաղապահ գործողության տարրերը։ Բայց դա շատ հեռավոր հեռանկար է` կարգավորման սկզբունքների մասին կողմերի պայմանավորվածության բացակայության պայմաններում»,- ասել է Լուկաշևիչը։

Բացի այդ, նրա խոսքով` ԵԱՀԿ-ի համար այդ գաղափարը խոշոր մարտահրավեր կլինի, որովհետև ԵԱՀԿ-ն երբեք չի զբաղվել խաղաղապահ գործողություններով։