19-05-2016 16:50

Լուկաշենկոն ԱՊՀ-ին կոչ է արել ավելի ակտիվ զբաղվել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ-ի անդամ պետությունների հատուկ ծառայությունների ու անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պետք է ավելի ակտիվորեն զբաղվել Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Համագործակցության համար այլ արդիական խնդիրների լուծմամբ: 
Լուկաշենկոյի կարծիքով՝ Խորհրդի նիստը հնարավորություն է տալիս առավել բաց քննարկելու այն խնդիրները, որոնցով այսօր «հիվանդ» է ԱՊՀ-ն. իրադրությունը Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայում։ «Եթե մենք դրանք չտեսնենք, այդ հիվանդությունները չբուժենք, մենք կխորացնենք դրանք»,-ասել է Բելառուսի նախագահը։  Նա ընդգծել է, որ ԱՊՀ-ն պետք է ձգտի երկխոսության՝ այդ և այլ սուր հարցերի շուրջ։ «Պետք է պայմանավորվել։ Մենք նույն նավակի մեջ ենք, ոչ ոք մեզ այնտեղ՝ այլ ափերում, չի սպասում», -ասել է Լուկաշենկոն։