24-07-2017 12:57

Համբերության բաժակը լցվել է. Բեռլինը վերանայում է Անկարայի հանդեպ վարած քաղաքականությունը

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերություններն այնքան են սրվել, որ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը որոշել է ընդհատել իր արձակուրդը և արտակարգ կոնսուլտացիաներ անցկացնել: Հինգշաբթի առավոտյան նա հեռախոսազրույցներ է ունեցել կանցլեր Անգելա Մերկելի և սոցիալ դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցմանի հետ, ինչպես նաև խորհրդակցություն է հրավիրել ԱԳՆ գծով: Արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում նա պարզ հասկացրեց, որ Բեռլինն անկարային ուզում է տեսնել մոտ գործընկերոջ և եվրաատլանտյան տարածության լիիրավ անդամի կարգավիճակում, բայց և չի կարող անհետևանք թողնել Գերմանիայի քաղաքական գործիչներին ուղղված զրպարտությունները, ինչպես նաև գերմանական լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունները:
Վերջին տարիներին Թուրքիայի և ԳԴՀ-ի հարաբերություններում շատ խնդիրներ են կուտակվել: Սկսած գերմանական հեռուստատեսությամբ հեռարձակված ծրագրով, որի ընթացքում ուղիղ տեքստով վիրավորեցին Ռեջեբ Թայիփ Էրդողանին, վերջացրած Անկարայի կողմից հնչեցվող մշտական կոշտ քննադատություններով:
Ընդ որում, գերմանական կողմը սպասողական դիրքորոշում ուներ, ինչը բնորոշ է Մերկելի պրագմատիզմին: Բեռլինում համբերության բաժակը լցվեց այս շաբաթ, երբ հայտնի դարձավ ահաբեկիչներին աջակցելու կասկածանքով Թուրքիայում վեց իրավապաշտպանների ձերբակալման մասին, որոնց թվում էր նաև գերմանացի Պետեր Շտոյդտները: Բացի այդ, գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին այն մասին, որ Անկարան իսլամի քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի մեջ է մեղադրում այնպիսի հսկաների, ինչպիսիք են «Daimler »-ն ու «BASF»-ը:
Բեռլինը երկխոսության կոչ է անում
Գաբրիելը լրագրողներին հայտնել է, որ ԳԴՀ իշխանությունները վերջին իրադարձություններից հետո Անկարայի հանդեպ իրենց վարած քաղաքականությունը վերանայելու որոշում են կայացրել, ինչը վերաբերվելու է նաև ներդրումային համագործակցությանը:
« Հնարավոր չի խորհուրդ տալ ներդրումներ անել մի երկրում, որտեղ չկա անվտանգություն, որտեղ ձեռնարկություններն ահաբեկիչների հետ մի հարթակի վրա են դասվում»,- ասել է նախարարը:- Ես չեմ տեսնում, թե ԳԴՀ կառավարությունն ինչպես կարող է երաշխավորել Թուրքիայում գերմանական ներդրումների անվտանգությունը, երբ դրանց կարող են սպառնալ քաղաքական նկատառումներով ընդունված որոշումները»:
ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ներկայիս իրավիճակում անհնար է համարում ԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության ստեղծման վերաբերյալ բանակցությունների շարունակումը:
«Ես չեմ կարող պատկերացնել ԵՄ-ի մաքսային միության ընդլայնմանն ուղղված բանակցություններ, այն ժամանակ, երբ Թուրքիայում առանց որևէ հիմքի ձերբակալում են ԵՄ անդամ երկրների քաղաքացիների»,- ասել է նա: Գաբրիելի խոսքերով , բանակցությունները սառեցնելու որոշումը կայացրել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը:
«Մենք պետք է քննարկենք, թե ինչպես ենք վարվելու շրջանակային ներդրումային պայմանների, վարկերի և Գերմանիայի տրամադրած օգնության հետ»,- նշել է նախարարը: ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ «մոտակա օրերն ու շաբաթները» մտադիր է Թուրքիայի հետ հարաբերությունները քննարկել Եվրամիության անդամ երկրների իր կոլեգաների հետ:
Միևնույն ժամանակ ԳԴՀ իշխանությունները իրենց քաղաքացիների կողմից Թուրքիա կատարվող այցելությունների երաշխավորագրերը խստացնելու վերաբերյալ որոշում են կայացրել: « (Իրավապաշտպան Պետեր) Շտոյդտների շուրջ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ Գերմանիայի քաղաքացիները Թուրքիայում չեն կարող պաշտպանված լինել կամայական ձերբակալություններից»,- ընդգծել է Գաբրիելը: Նրա կարծիքով « Գերմանիայի ցանկացած քաղաքացի Թուրքիայում կարող է իշխանությունների կամայականությունների զոհը դառնալ»:
Գաբրիելը Թուրքիայում վեց իրավապաշտպանների ձերբակալությունը «ծրագրված և լավ նախապատրաստված գործողություն» է անվանել, իսկ նրանց դեմ հնչած մեղադրանքներն «անհիմն ու սարքած»: Նա Անկարայի իշխանություններին կոչ է արել վերադառնալ «եվրոպական արժեքների վրա հիմնված» երկխոսության ուղուն:
Արտգործնախարարին իր համակարծությունն է հայտնել ԳԴՀ կառավարության ղեկավարը.« Կանցլեր Մերկելը գտնում է, որ իրադարձությունների նման զարգացման պարագայում Թուրքիայի հանդեպ ԱԳՆ ղեկավարի առաջարկած միջոցառումներն անհրաժեշտ և անխուսափելի են»,- իր Twitter-ում գրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: