Բավ է պառակտվել
20-04-2015 12:28

Միայն քրեականացումը կարող է փակել դռները նոր ցեղասպանությունների առջև. Շարմազանով

Ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես-երաժշտական ցերեկույթ, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հնչել են կոմիտասյան երաժշտություն և հայկական ծիրանափող: Միջոցառմանը ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է. «1944 թվականին լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը կիրառեց «ցեղասպանություն» եզրույթը` նկատի ունենալով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրագործված վայրագությունները: Ուղիղ 100 տարի առաջ Թուրքիայի ղեկավարությունն իրականացրեց մի ողջ ժողովրդի ցեղասպանություն և հայրենազրկում միայն այն պատճառով, որ նրանք ազգությամբ հայ էին, դավանանքով` քրիստոնյա: Ապրիլյան իրադարձություններից ընդամենը մեկ ամիս անց` մայիսի 24-ին, Անտանտի երկրները Թուրքիայի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացված ծանրագույն հանցագործությունը որակեցին որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն»: Սա խոսում է այն մասին, որ դեռևս 100 տարի առաջ առաջադեմ մարդկությունը գիտակցել է կատարվածի ողջ լրջությունը: Մինչդեռ Թուրքիան մինչ օրս շարունակում է համառորեն ժխտել Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, որ մենք պետք է ոչ միայն դատապարտենք Հայոց ցեղասպանությունը, այլև առաջադեմ մարդկության հետ մեկտեղ պայքարենք` հասնելու Ցեղասպանության ժխտման քրեականացմանը: Միայն քրեականացումը կարող է փակել դռները նոր ցեղասպանությունների առջև»: