22-05-2015 09:14

ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդները համատեղ հռչակագիր են ընդունել

Եվրոպայի ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ընդունվել է համատեղ հռչակագիր: Հռչակագրում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հետ համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: 
Ըստ հռչակագրի՝ ակնկալվում է որքան հնարավոր է` շուտ Հայաստանի հետ բանակցություններ սկսել մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ: Հռչակագրում անդրադարձ է կատարվել նաև Երևանում մարտի 16-19 անցկացված «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի արդյունքներին: Նշվել է, որ Եվրանեսթը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև խորհրդանական համագործակցության կարևոր հարթակ է: Հռչակագրում ասվում է, որ ԵԺԿ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքների և սկզբունքների վրա: Ըստ փաստաթղթի՝ Արևելյան գործընկերության երկրները պետք է ինքնուրույն լինեն իրենց ապագան որոշելու հարցում, այդ թվում՝ միջազգային այլ պայմանագրերի միանալու եղանակով՝ առանց արտաքին ճնշման և սպառնալիքների ենթարկվելու: «ԵՄ-ն աջակցում է Արևելյան գործընկերության երկրների ինքնիշխան ընտրությունը իրենց ապագան որոշելու հարցում»,- ասված է հռչակագրում: Անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի հակամարտությանը, Բելառուսի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ համագործակցության խորացման հետ կապված հարցերի: