16-05-2016 09:01

Սարգսյանն ու Ալիևը հակամարտության թեժացումից հետո առաջին անգամ կհանդիպեն Վիեննայում

Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի միջազգային միջնորդները մտադիր են հակամարտող կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնել: Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսվում է անցկացնել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է իր այցը Վիեննա։ Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն, սպասվող հանդիպման գլխավոր նպատակը «1994 թվականին կնքած հրադադարի համաձայնագրի ամրապնդումն է, բանակցային գործընթացը վերսկսելու համար նպաստավոր պայմանների ստեղծման համար վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների համաձայնեցումը»։ Որպես միջնորդ բանակցություններին հանդես կգան ղարաբաղյան հարցի կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահող-երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարները։ Բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը հանդիպմանը և ժամանելու են Վիեննա։ Ռուսաստանի ԱԳՆ-ում հույս ունեն, որ Սերգեյ Լավրովի, Ջոն Քերիի և Ժան-Մարկ Էյրոյի մասնակցությամբ Սարգսյանի և Ալիևի խորհրդակցությունները կամրապնդեն ստեղծված իրավիճակից քաղաքական ելքեր գտնելու ուղին։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ մայիսի 16-ին Վիեննայում նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որին կմիանան նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ԱԳՆ ղեկավարները։ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։