Բավ է պառակտվել
25-03-2015 12:30

Ես չէի գնա նախագահի հետ հանդիպման. Րաֆֆի Հովհաննիսյանը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով իր բացակայության ժամանակ կուսակցության ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին, մասնավորապես նրա, որ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել էին ՀՀ Նախագահին՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումների շրջանակում, նշեց, տեղի է ունեցել միջկուսակցական, ոչ պաշտոնական խորհրդակցություն՝ Հանրապետական կուսակցության նախագահի և «Ժառանգության» վարչության երկու անդամների միջև:
«Իմ բացակայության օրերին առօրյա գործունեության համար պատասխանատու էր վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, և թեև կային մեթոդաբանական սխալներ՝ չկշռադատված որոշ գործոններ, հիմնական խնդիրը Արմեն Մարտիրոսյանի և վարչության որոշման մեջ էր»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Շարունակելով իր խոսքը՝ «Ժառանգության» առաջնորդն ասաց, թե Արմեն Մարտիրոսյանը և Ռուբեն Հակոբյանը լիազորությունից դուրս չէին, սակայն ինքը չէր գնա նման հանդիպման: «Ես տեղյակ էի այդ հանդիպման հնարավորության մասին: Դրա կայացումից հետո ես տեղեկացա, որ այն կայացել է: Տեղյակ էի, որ այնտեղ կային շահարկման վտանգներ, բայց նաև մեզ մոտ կա տարբեր տեսակետներ հայտնելու ազատություն, և կարող եմ ասել, որ մենք բոլորի հետ բաց ենք հաղորդակցվելու համար: Ես որևէ հրավեր չեմ ստացել Սարգսյանից կամ որևէ մարդուց, բանավոր հրավերը եղել է ԱԺ նախագահից, ու դա ապացուցում է, որ սա միջկուսակցական, ոչ պաշտոնական հանդիպում էր»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ «Ժառանգությունում» դիրքորոշումը մնում է նույնը՝  ««Ժառանգությունը» դեմ է այդ փոփոխություններին, և մենք ներկայացրել են մեր դիրքորոշումը»,- ասաց նա։