Բավ է պառակտվել
18-02-2015 11:45

Րաֆֆի Հովհաննիսյանը հիասթափեցրեց նաև այսօր

Այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարդաց իր հանրային ուղերձը՝ ներքաղաքական խնդիրների, միջազգային ասպարեզում Հայաստանի մեկուսացած լինելու մասին: Սակայն մինչ ուղերձի ընթերցումը նա նշեց, որ «հիասթափությունների այս աշխարհում մի փոքր հիասթափեցնելու է նաև այսօր», ապա հայտարարեց, որ ուրբաթ օրը ժամը չորսին Ազատության հրապարակում հարցերին կպատասխանի: Հարցին, թե ԲՀԿ-ն փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքը չեղյալ է հայտարարել, պատասխանեց. «Ես ներկա կլինեմ, բացակա չդնեք»:
Լրագրողներն աղմուկ բարձրացրեցին, թե արդեն երկրորդ անգամ է հրավիրում ասուլիս, առաջին դեպքում չի ներկայանում, իսկ այժմ էլ հրաժարվում է պատասխանել հարցերին:
«Դուք մեզ չեք հարգում»,- ասացին լրագրողները:
Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ որևէ հարցի չպատասխանեց:
Ր. Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ վաղը կայանալու է «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որտեղ կքննարկեն նաև իրենց առաջիկա անելիքները: