Բավ է պառակտվել
25-12-2015 13:43

Իսրայելի հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունն ու ռուս-թուրքական հարաբերությունների փրկությունը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, մեկնաբանելով «Մավի Մարմարայի» միջադեպի հետ կապված Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, նշել է, որ թուրքական կողմը նման քայլի է դիմել՝ բացառապես հանուն պաղեստինցի արաբների շահերի: «Թուրքիայի վարչապետի վերոնշյալ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան դասական երեսպաշտության հերթական դրսևորում»,-Gisher.news-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանն ու մանրամասնեց. «Այս համատեքստում, ցանկացած բանական էակի մոտ տրամաբանական և օբյեկտիվ հարցադրում է առաջանում թուրքական գործող իշխանությունների դիրքորոշման փոփոփխման հետ կապված՝ «Ի՞նչու հենց հիմա որոշվեց կարգավորել արդեն ավելի քան 5 տարի շարունակվող հիմնախնդիրն Իսրայելի հետ»»: Ի դեպ, այս պարզունակ հարցադրման բավական արդարացի մեկնաբանությունն պաշտոնական մակարդակով, փորձագետի խոսքով, արդենիսկ հնչել է Իրանի կողմից՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Հոսեյն Ջաբեր Անսարիի շուրթերով՝ «Մուսուլմանական կառավարություններն ընդհանուր քաղաքականության մեջ պետք է կողմնորոշվեն «ումմայի» (մուսուլմանական կրոնական համայնք) շահերին և պաղեստինյան ազգաբնակչության իրավունքներին համապատասխան: Թուրքական կառավարությունը չպետք է ընտրի այլ ճանապարհ՝ «Երուսաղեմն» օկուպացրած վարչակարգի հետ հարաբերվելիս»:
Իսկ «Ինչու՞ հիմա» հարցի պատասխանն ակնհայտ է. «Թուրքիան հանկարծ որոշեց բարելավել Իսրայելի հետ խնդիրները միայն այն պամաններում, երբ գրեթե նմանատիպ հիմնախնդրին դեմ հանդիման բախվեց Ռուսաստանի հետ հարաբերություններում` Սիրիայի հետ սահմանին խոցելով ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռը. բայց այս դեպքում արդեն մեղադրանքների սլաքներն ու սպառնալիքներն ուղղվեցին Անկարայի կողմը»,-ասաց Արմեն Պետրոսյանը: Ըստ մասնագետի՝ նման իրավիճակում, օբյեկտիվ մտավախություն ունենալով սեփական էներգետիկ անվտանգությանը միտված հնարավոր սպառնալիքների հարցում, թուրքական իշխանությունները փորձեր ձեռնարկեցին՝ Ռուսաստանի կողմից բավարարվող Թուրքիայի գազային պահանջարկի 55-58%-ին հնարավոր այլընտրանքներ որոնելու ուղղությամբ: «Այդ նպատակով՝ Կատարի, Ադրբեջանի հետ միասին դիտարկվեց նաև Իսրայելի թեկնածությունը, և հենց սրանով է պայմանավորված պաշտոնական Անկարայի դիրքորոշման մեջ արձանագրված շրջադարձային փոփոխությունը»,-հավելեց արաբագետը: Արմեն Պետրոսյանը նաև նշեց, որ Ահմեթ Դավութօղլուն, շարունակելով խոսել իսրայելաթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, ակնհայտ չարամտությամբ հիշեցրել էր նաև, որ դեռևս 2013 թ. մարտին ԱՄՆ-ի ճնշման ներքո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զանգել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ներողություն խնդրել «Մավի Մարմարայի» միջադեպի հետ կապված:
Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետի նման ինքնավստահ հայտարարությանն, ապա, փորձագետն ասաց. «Ոչ շատ հեռու ապագայում Իսրայելի տեղում հայտնվելու են թուրքական իշխանությունները, գուցե ոչ ներկայիս: Պետք է միայն հիշեցնել, որ ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման վերոնշյալ միջադեպի հետ կապված պաշտոնական Մոսկվայի կողմից ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջ քաշված նախապայմաններից առնվազն երկուսը (ներողություն պաշտոնական մակարդակով, հասցված վնասի փոխհատուցում) նույնն են, ինչ իսրայելաթուրքականի դեպքում»: Եվ այս համատեքստում, Արմեն Պետրոսյանի համոզմամբ, Անկարայի համար այնքան կենսական ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն անհնար է շրջանցի վերոնշյալ նախապայմանների կենսագործման պարագան:

Տաթև Առաքելյան